211652_close_icon
views-count2961 դիտում article-date 22:12 13-04-2018

ՀՀ գլխավոր դատախազությունում էթիկայի նոր հանձնաժողով է ձևավորվում

Ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվում է, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ձևավորվում է էթիկայի հանձնաժողով: Վերջինիս խնդիրն է դատախազների նկատմամբ կարգապահական վարույթների ավարտից հետո քննության առնել նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և քվեարկությամբ որոշելու կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու միջնորդության դեպքում՝ նաև դրա հնարավորության հարցը: Յոթ անդամից բաղկացած Էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական, ինչպես նաև երեք դատախազներ, որոնք ձայների մեծամասնությամբ ընտրվում են Գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի, մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է Գլխավոր դատախազի տեղակալը: Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազի էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը: Ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է նիստ, որի ընթացքում սահմանված կարգով փակ գաղտնի քվեարկությամբ երեք դատախազների քվորտայով էթիկայի հանձնաժողովի անդամներ են ընտրվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, շնորհավորելով էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամներին՝ նշեց, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից ելնելով՝ էթիկայի հանձնաժողովին առանցքային դերակատարություն է վերապահվում կարգապահական վարույթներն իրականացնելիս, դատախազների նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս առավել բարձրացնելու անաչառության մակարդակը: «Բացի իր պարտականությունները բարեխղճորեն չկատարող դատախազների նկատմամբ ձեռնարկվող կարգապահական պատասխանատվության միջոցների համաչափության ապահովումը, դատախազության էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտումների առումով պետք է կատարի նաև կանխարգելիչ կարևոր գործառույթ: Այդ պատճառով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է առաջնորդվի առաջին հերթին արդարության և օբյեկտիվության սկզբունքներով»,-նշեց ՀՀ գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը հանձնարարել է առաջիկա օրերին առաջարկներ ներկայացնել նաև էթիկայի՝ երեք իրավաբան-գիտնականների թեկնածությունների վերաբերյալ՝ սահմանված կարգով նշանակումները կատարելու համար: [b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր