211652_close_icon
views-count5346 դիտում article-date 22:42 13-04-2018

Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության աջակցությամբ Գերմանիա են այցելել ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ

Ապրիլի 10-13-ը Գերմանիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության աջակցությամբ Գերմանիա են այցելել ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակցելու «ՏՏ ոլորտի և Բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին, որի գործընկերներից է Հայաստանի Հանրապետությունը: Մինչ այդ հայկական պատվիրակությունը ապրիլի 10-ին մասնակցել է Կարլսռուեում, 11-ին` Լայպցիգում, 12-ին` Էրֆուրտում կայացած ՏՏ ոլորտի ֆորումներին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել գերմանացի գործընկերների հետ: Ֆորումներին հայկական կողմը ներկայացրել է ՏՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, օրենսդրական դաշտն ու զարգացման միտումները, քննարկել գերմանական կողմից հետ համագործակցության հեռանկարները: Բեռլինյան ֆորումին իր ողջույնի խոսքում Գերմանիայում ՀՀ դեսպան դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր մարդկային կապիտալով և այսօր էլ շարունակում է կառուցել տնտեսությունը` հիմնված գիտելիքահեն ներուժի վրա, որի կարևոր բաղադրիչներից է ՏՏ ոլորտը: Միաժամանակ դեսպան մեծապես կարևորեց նման միջոցառումների և այցերի անցկացումը հայ-գերմանական գործարար կապերի ամրապնդման գործում: Դեսպանը մասնավորապես հավելեց․ «Այս ոլորտում ունեցած հաջողությունների, մարդկային կապիտալի և մեր երկրում գործող խոշոր միջազգային կազմակերպությունների շնորհիվ Հայաստանն այսօր իր ներածին չափով նպաստում է ՏՏ ոլորտի համաշխարհային զարգացմանը»: Աշոտ Սմբատյանն անդրադարձավ նաև «աութսորսինգի» գաղափարին` ներկայացնելով Հայաստանի առավելությունները: Նա նշեց, որ Հայաստանը կարող է լուրջ պլացդարմ հանդիսանալ խոշոր ընկերությունների համար` հաշվի առնելով կրթված, ժամանակի միտումների հետ համընթաց քայլող երիտասարդության, համեմատաբար էժան աշխատուժի առկայությունը, Արևելքի և Արևմուտքի հետ լավ հարաբերությունները, տարբեր ինտեգրացիոն կառույցների և երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունենալու հանգամանքը: Ապրիլի 13-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց դեսպանությունում: Հանդիպմանը Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության ղեկավար Դիթմար Շտիլը ներկայացրեց այցի արդյունքներն ու հետագա անելիքները:

Նմանատիպ նյութեր