211652_close_icon
views-count2598 դիտում article-date 16:28 13-04-2018

Ժամանակակից սարքավորումներով վերազինված ԵՊՀ լաբորատորիան նոր հեռանկարներ կբացի երիտասարդ գիտնականների և ուսանողների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում բացվեց Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիա՝ վերազինված լաբորատոր նոր սարքավորումներով և տեխնիկայով: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության ֆինանսավորմամբ ստեղծված գիտական լաբորատորիան Հայաստանում գործող հայ-գերմանական միացյալ երկու լաբորատորիաներից մեկն է, որը համատեղ աշխատանքներ է իրականացնում նաև ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ՝ ընդգծելով ակադեմիական և բուհական գիտությունների սերտ կապը: Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիան ստեղծվել է 2017 թ.-ին Հայաստանի գիտության պետական կոմիտեի ու Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա: Լաբորատորիայի հիմնադրման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ-ի և Յենայի մարդու գենետիկայի ինստիտուտի միջև առկա ավելի քան 15 տարվա համագործակցությունը, որի շրջանակում տպագրվել է մոտ 100 գիտական աշխատանքներ, իրականացվել գիտաշխատողների և ուսանողների շուրջ 45 գործուղումներ: Գիտական լաբորատորիան հետազոտություններ է իրականացնում 4 հիմնական ուղղություններով՝ գենաթունաբանական նոր մարկներների մշակում, մարդու գենոմում ԴՆԹ վնասվածքների բաշխում և քիմիական մուտագենների մոլեկուլային-բջջագենետիկական էֆեկտների վերլուծություն, AREAL էլեկտրոնների արագացուցչի ճառագայթման մոլեկուլային-բջջագենետիկական արդյունքների ուսումնասիրություն և անպտղությամբ տառապող հիվանդների մոտ ԴՆԹ կրկնողությունների թվի փոփոխությունների գնահատում: «Ամբիոնի հետ բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք: Այս լաբորատորիան մեզ թույլ կտա էլ ավելի ընդլայնել փոխգործակցության ոլորտները՝ ներառելով նոր գիտակրթական ծրագրեր: Համագործակցությունը փոխշահավետ է և արդյունավետ, քանի որ երիտասարդ գիտնականներն ու ուսանողները կարողանում են գործողումների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով հմտանալ և նոր որակավորումներ ստանալ»,- ասում է լաբորատորիայի համաղեկավար, ԵՊՀ-ի պատվավոր դոկտոր և ֆակուլտետի հրավիրյալ դասախոս Թոմաս Լիրը: Ի դեպ, Յենայի մարդու գենետիկայի ինստիտուտի մոլեկուլային բջջագենետիկայի լաբորատորիայի վարիչ Թոմաս Լիրը յուրաքանչյուր տարի ԵՊՀ-ում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար հանդես է գալիս դասախոսություններով, ինչպես նաև իրականացնում գիտական խորհրդատվություն ամբիոնի մասնագետների համար: Ամբիոնում անցկացվեց նաև լաբորատորիայի աշխատանքին նվիրված աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեցին համագործակցություն հիմնական ուղղությունները, արդեն իսկ գրանցված գիտական արդյունքները, կրթական ծրագրերը, որտեղ նախատեսվում է ներառել նաև մագիստրոսական ծրագրեր: «Հարկ է նշել, որ ծրագրում ընդգրկված են նաև մյուս ամբիոնները: Մասնավորապես ամռանը Կենդանաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր Մարինա Առաքելյանը կղեկավարի մողեսների քրոմոսոնների ուսումնասիրությունները: Կքննարկվեն կենսաբանական վիճակագրության մեթոդների կիրառումը կոնկրետ գենետիկական աշխատանքներում: Երկու տարվա համար նախատեսված ստույգ ծրագրեր ունենք, վստահ ենք, որ այս համագործակցության արդյունքում մեր ասպիրանտները, գուցե ապագայում նաև մագիստրանտները կատարելագործվելու համար կկարողանան գործուղվել Գերմանիա»,- ասում է Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունը և հավելում, որ Պետհամալսարանի և ՀՀ ԳԱԱ-ի միացյալ ուժերով նախատեսվում է ստեղծել բջջագենետիկային և մոլեկուլային գենոմիկային նվիրված նոր ամսագիր, որը կգործի էլեկտրոնային տիրույթում: Հավելենք, որ լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետի դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ովքեր բարձր գնահատեցին ամբիոնի աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր