211652_close_icon
views-count1664 դիտում article-date 18:46 12-04-2018

Մեղադրանք է առաջադրվել՝ դրամապանակը գողանալու և գողացված քարտով գումար կանխիկացնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հոսպիտալում կատարված գողությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կտարած անձի ինքնությունը. վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2016 թ. օգոստոսին. ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի բուժքույրերի համար նախատեսված աշխատասենյակում գտնվող պայուսակից հափշտակվել էր դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր: Գողության հանգամանքը կինը պարզել է օգոստոսի 30-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, հերթապահությունը հանձնելիս։ Գողացված բանկային քարտով բանկոմատից կատարվել էր կանխիկացում, ինչի հետևանքով պատճառվել է զգալի չափերի նյութական վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության ընթացքում բանկից ստացվել էր գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում էր, թե ինչպես է բանկոմատին մոտենում կարմիր վերնաշապկով, ջինսե տաբատով, գլխարկով մի տղամարդ և քարտով գումար կանխիկացնում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 2018թ. ապրիլի 11-ին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 34-ամյա բնակիչը 2016 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 10:00-ի սահմաններում, մուտք է գործել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածք և դիմածնոտային բաժանմունքի բուժքույրերի համար նախատեսված սենյակում նույն բաժանմունքի մայրապետի պայուսակից հափշտակել է վերջինիս պատկանող դրամապանակը, ինչպես նաև՝ դրանում գտնվող երկու բանկային քարտերը: Այնուհետև դրամապանակում եղած նույն քարտերի ծածկագրերն օգտագործելով՝ կատարել է գումարի կանխիկացում՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր