211652_close_icon
views-count2820 դիտում article-date 08:42 12-04-2018

ԵՄ-ի հետ համաձայնագիրը, առանց չափազանցության, Հայաստանի փրկության բանալին է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը պայմանականորեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։ Ասել, որ սա խորքային իմաստով պատմական իրադարձություն է Հայաստանի համար, նշանակում է՝ ոչինչ չասել։ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, առանց չափազանցության, Հայաստանի փրկության բանալին է՝ ոչ միայն ու գուցե ոչ այնքան այդ փաստաթղթի քաղաքական ու տնտեսական դրույթների գործարկման, այլ շատ ավելի լայն, քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական առումով։ Իսկ այստեղ առաջանում է շատ ավելի կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են այդ համաձայնագրի իրագործման ու դրանից բխող իրական բարեփոխումների կատարման պահանջատերերը՝ որպես սուբյեկտներ։ Միանշանակ է, որ դա իշխանությունը չէ, որը միայն ֆորմալ առումով է այս համաձայնագրի շահառուն։ Դա իշխանությունը չէ, որովհետև այն բարեփոխումներն ու այն պետությունը, որը կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ համաձայնագրի լիարժեք իրագործման արդյունքում, ուղղակիորեն, օրգանապես հակասում է Հայաստանի իշխանական համակարգի ներքին տրամաբանությանն ու կանոններին։ Այս համաձայնագրի, իսկ ավելի լայն իմաստով՝ եվրոպական մոդելի պետություն ունենալու պահանջատերը կարող էր դառնալ ընդդիմությունը, որն այսօր ապրում է քաղաքական օրակարգի բացակայության ճգնաժամ, սակայն ցավով պետք է արձանագրել, որ ընդդիմությունը ևս այս համաձայնագրի իրագործման պահանաջատերը չէ, որքան էլ դեկլարատիվ մակարդակում խոսում են դրա կարևորության մասին։ Այն դեպքում, երբ հենց դա կարող էր դառնալ ընդդիմության երկարաժամկետ, ռազմավարական քաղաքական օրակարգը։ Դժբախտաբար, այս համաձայնագրի իրագործման պահանջատերը չէ նաև հասարակությունը, որը դրա ամենամեծ շահառուն կարող է դառնալ առնվազն երկարաժամկետ հեռանկարում։ Ու ստացվում է, որ մենք ֆորմալ առումով ունենք Հայաստանի համար զարգացման ու, որ ավելի կարևոր է՝ ավտորիտարիզմի էլ ավելի խորացումն արգելակելու ներուժ ունեցող փաստաթուղթ, սակայն չունենք քաղաքական ու հանրային սուբյեկտներ, որոնք մինչև վերջ ու ամենայն նախանձախնդրությամբ կլինեն դրա իրագործման պահանջատերը։ Մեծ հաշվով, այդ դերում միակ տեսանելի սուբյեկտը Եվրոպական Միությունն է, որը, սակայն, առանց հայաստանյան սուբյեկտների համարժեք վարքագծի՝ չի կարող ամբողջությամբ ապահովել Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրագործումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր