211652_close_icon
views-count2020 դիտում article-date 16:33 11-04-2018

Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը

Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման աշխատանքային խմբի հետ։ Երիտասարդ մասնագետներից կազմված խումբն այս հարկի տակ գործում է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Մինչ այդ, ավելի քան 300 կլինիկական ուղեցույցները, պացիենտի վարման գործելակարգերը և ընթացակարգերը Հարություն Մանգոյանի ղեկավարած հանձնաժողովը միջազգային լավագույն փորձի հիման վրա թարգմանել և տեղայնացրել է հասարակական հիմունքներով։ Այժմ կնքված աշխատանքային պայմանագրերով մասնագետները թեև փոքր աշխատավարձ են ստանում, սակայն իրենց իսկ հավաստմամբ` այս կարգավիճակն ավելի է բարձրացնում պատասխանատվությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Հարություն Մանգոյանի խորհրդատվությամբ աշխատող երիտասարդ բժիշկները Լևոն Ալթունյանին վստահեցրել են, որ ընթացիկ տարում ավելի մեծ արդյունքներ կունենան։ Նրանք հեղափոխական քայլ են համարել Հայաստանի առողջապահության ոլորտում մեծ քանակով կլինիկական ուղեցույցների և մյուս փաստաթղթերի մշակումն ու գործընթացի շարունակականությունը` համոզված լինելով, որ դրանք ուղղակիորեն կբարձրացնեն բժշկական ծառայությունների որակը և մասնագետներին զերծ կպահեն հնարավոր սխալներից։ Լևոն Ալթունյանը խմբի հետ քննարկել է արդեն հաստատված կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի կատարման վերահսկողության, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքում (http://moh.am/#1/237) տեղադրված նախագծերի վերաբերյալ բժշկական հանրության իրազեկման և նրանց կարծիքի ապահովման հարցերը։ Ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախապատրաստվող մեծ բարեփոխումների ընհանուր մոտեցումները` նախարարի պաշտոնակատարը հորդորել է այդ ոլորտի կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերն առաջիկայում համապատասխանեցնել փոփոխություններին։ Այդ ենթատեքստում Լևոն Ալթունյանը կարևորել է առաջնային օղակի բժշկի հեղինակության բարձրացումը, ինչը մեծապես պայմանավորված է բնակչության շրջանում ճիշտ սպասելիքների ձևավորմամբ, որոնք հստակորեն կսահմանվեն ուղեցույցներում և գործելակարգերում։ «Ժամանակին մասնագետներին համոզում էինք այս գործընթացում ընդգրկվելու համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այն կդառնա հետհամալսարանական կարիերայի հրապուրիչ սկիզբ»,-ասել է Լևոն Ալթունյանը` հավելելով, որ երիտասարդ մասնագետների աշխատանքը դրական ազդեցություն կունենա ոչ միայն բժշկական ծառայությունների որակի բարելավման, այլև նախարարության ռազմավարության մշակման գործում։ Երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև կազմակերպական և ընթացիկ հարցեր, նախարարը խոստացել է, որ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանը:

Նմանատիպ նյութեր