211652_close_icon
views-count5510 դիտում article-date 09:22 10-04-2018

Մոսկվան խոստանում է պատասխան գործողություններ ամերիկյան պատժամիջոցներին. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի պաշտոնյաներն արձագանքել են ամերիկյան կողմի սահմանած նոր պատժամիջոցներին: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել մի քանի տասնյակ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների, ինչպես նաև ռուսական մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ: Պատժամիջոցների են ենթարկվել նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Պատճառների թվում է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ներգրավվածությունը: «Ամերիկայի ձայնը» [url=https://www.amerikayidzayn.com/a/4339434.html]հաղորդում է[/url], որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նոր պատժամիջոցները որակել է «անօրինական և անընդունելի»: Նա կառավարությանը հրահանգել է պատրաստել պատասխան գործողությունների ծրագիր: «Մենք պարզ տեսնում ենք, որ այս ամենի հիմքում ընկած է նպատակ ՝ կարգավորելու սեփական տնտեսական խնդիրները ոչ մրցակցային ձևերով: Վատ ռուսների մասին այս բոլոր խոսքերն ընդամենը քաղաքականապես այս ամենը քողարկելու անհաջող փորձ է: Նրանց հիմնական տնտեսական նպատակն է առաջ մղել ամերիկյան առևտրային շահերն աշխարհում ի հակառակ ընդունված միջազգային առևտրային չափանիշների: Մենք դիտարկում ենք այս որոշումներն անընդունելի ու անօրինական, և իրավունք ենք վերապահում մեզ հանդես գալու պատասխան գործողություններով»,- հայտարարել է վարչապետ Մեդվեդևը: Մեդվեդևը նաև կոչ է արել կառավարությանը պատրաստել ծրագիր՝ պատժամիջոցներից տուժած ձեռնարկություններին աջակցելու համար: Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս քննադատել է նոր պատժամիջոցները: «Իհարկե Կրեմլը ուշադիր հետևում է զարգացումներին և աշխատանքները համակարգում կառավարության հետ»,- ասում է Պեսկովը: Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է խորը ուսումնասիրության ենթարկել իրավիճակը՝ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար: Վաշինգտոնի նոր պատժամիջոցները կապված են Ռուսասատնանի ապակառուցողական գործունեության հետ: Այն ներառում է Ղրիմի բռնակցումը, Արևելյան Ուկրաինայի ապակայունացումը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցությունը, ռուսական կիբերհարձակումների իրականացումը և Ռուսաստանի հարձակումներն արևմտյան ժողովրդավարությունների դեմ: Բացի այդ վերջերս ԱՄՆ-ն ու երկու տասնյակից ավել այլ երկրներ արտաքսեցին տասնյակ ռուս դիվանագետների ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռուս լրտեսի թունավորմանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել օլիգարխ Օլեգ Դերիպասկան, ում ընկերությունը վերահսկում է աշխարհի երկրորդ ամենամեծ ալյումինի արտադրության ձեռնարկությունը: Բացահայտվել է Դերիպասկայի կապը Թրամփի քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ: ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառովԴերիպասկային պատկանող Rusal ընկերության բաժնետոմսերն անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով Հոնկոնգի բորսայում, որի արդյունքում ընկերության արժեքը նվազել է 2.5 միլիարդ դոլարով: Բացի նրանից, պատժամիջոցային ցուցակում են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը և նախագահ Պուտինի այլ մերձավորներ: Պատժամիջոցների սահմանումից հետո անկում է գրանցվել նաև Ռուսաստանի ֆոնդային բորսայում: Հաղորդվում է, որ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 9 տոկոսով, իսկ RTS-ի ինդեքսը՝ մոտ 11 տոկոսով: Ռուսական արտարժույթը դոլարի հանդեպ անկում է ապրել 3 տկոսով: Անկում են գրանցել նաև ռուսական այլ ընկերությունների բաժնետոմսեր:

Նմանատիպ նյութեր