211652_close_icon
views-count6526 դիտում article-date 16:31 09-04-2018

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Գյումրու մասնաճյուղում մեկնարկել է «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Գյումրու մասնաճյուղում ապրիլի 9-ին մեկնարկեց «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը: Հնգօրյա ուսումնական ծրագրի ընթացքում հայկական ՉԼՄ-ների երիտասարդ լրագրողները, հումանիտար կրթություն ունեցող ուսանողները կյուրացնեն տեղեկատվական նյութեր ստեղծելու ժամանակակից տեխնոլոգիաներ, տեղեկատվություն տարածելու և լսարանի վրա ազդեցություն գործելու մոտեցումներ: Մեդիա-մարաթոնի շրջանակներում կազմակերպված հանդիպումները կանցկացվեն Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, կենտրոնի Գյումրու մասնաճյուղում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ): Մարաթոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը։ Ծրագիրը կազմակերպել է Եվրասիական հետազոտությունների կենտրոնը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Ռազմավարական նախագծերի կենտրոնի և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ։ ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վստահեցմամբ՝ հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու և դրանց մակարդակը որոշակի այլ աստիճանի վրա բարձրացնելու համար. «Այդ համատեքստում մենք փորձում ենք համագործակցել բազում կազմակերպությունների հետ, որոնք միգուցե հիմնադրված են ՌԴ-ում, ոչ թե ՀՀ-ում, բայց անկախ այդ հիմնադրումից իրենց աշխատանքն ուղղում են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Դրա վառ օրինակն է մեր կողմից վերջերս համագործակցության հուշագրի ստորագրումը երիտասարդական ռեսուրսային կենտրոնի հետ և այդ հուշագրի ներքո գործողությունների և ծրագրերի հսկայական ծավալը, որը պետք է առաջիկայում համատեղ իրականացնենք»: Պարոն Տեր-Հովակիմյանի վստահեցմամբ՝ այս մարաթոնը, որը սկիզբ է առնում Գյումրիում, հատոկ ուշադրության ներքո է պահելու ԶԼՄ-ների և սոցիալական բազմաթիվ հարթակներում տեղեկատվության տարածման, դրա ճիշտ ներկայացման, նաև որոշակի տեղեկատվական պայքարների ոչ լիարժեք տեղեկատվության տարածման դեմ ուղղված գործողությունները. «Մենք ողջունում ենք և շնորհակալ, որ նման հնարավորություն է ընձեռվել ռուսական գործընկերների կողմից այդ տեղեկատվական հոսքերն ու ինֆորմացիայի տարածումը նոր հարթության վրա դնելու համար, ինչը կնպաստի միջպետական և միջազգային հարաբերությունների խորացմանը, բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը»: Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հարություն Համբարձումյանն էլ նշեց, որ կենտրոնում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց երիտասարդները կարող են մասնակցություն ունենալ ոչ միայն հյուրի կարգավիճակում, այլև լինել մշտական գործընկեր: Անդրադառնալով մեդիա-ֆորումին՝ պարոն Համբարձումյանն ասաց. «Ֆորումը հատկապես երիտասարդ ուսանողներին, մասնագետներին հնարավորություն կտա առաջատար փորձագետների, քաղաքագետների, լրագրողների հետ շփվելով՝ գտնել մասնագիտական զարգացման արդյունավետ ճանապարհ: Հետագայում կոնկրետ մասնագիտական զարգացման հարցում մեր կենտրոնները Երևանում և Գյումրիում կաջակցեն երիտասարդներին մասնագիտական զարգացման ոլորտում աճ գրանցել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ռուսական առաջատար բուհերում»: Նշենք, որ մեդիա-մարաթոնի շրջանակներում կանցկացվի նաև նախագծերի և լուսանկարների մրցույթ: Հաղթողները կստանան սմարթֆոններ և ՌԴ-ի ԶԼՄ-ներում պրակտիկա անցնելու հնարավորություն։

Նմանատիպ նյութեր