211652_close_icon
views-count2772 դիտում article-date 13:34 07-04-2018

Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում. ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է «Ռոսպոտրեբնադզոր» ղեկավարին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի` Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներում հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահովելուն ուղղված հարցերին։ Աննա Պապովան առաջարկել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու նպատակով հուշագիր ստորագրել։ Նախարարը ևս հաստատել է, որ դա ավելի սերտ ու համակարգված գործունեություն ծավալելու հնարավորություն կընձեռի: Կարևորելով «Ռոսպոտրեբնադզորի» հետ համագործակցությունը` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում չափազանց կարևոր աշխատանք է տարվում աշխարհի բնակչության համար սպառնալիք հանդիսացող և մարդկանց մեծաթիվ կյանքեր խլող հիվանդությունների դեմ պայքարում։ Երկուստեք ընդգծվել է, որ նման դեպքերում համակարգված մոտեցումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել կորուստներն ու համատեղ հակազդման արդյունավետ մեխանիզմներ մշակել: Աննա Պապովան նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 6-րդ միջազգային համաժողովին` այն ներկայացնելով որպես փորձի փոխանակման լավ հարթակ: Նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ Նա ասել է, որ Հայաստանը վճռական է ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարում և 2030թ. տուբերկուլոզն էլիմինացնելու ԱՀԿ-ի կոչն իրականացնելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում:

Նմանատիպ նյութեր