3261 դիտում
19:59 06-04-2018
Մեղադրանք` բռնության գործադրմամբ խուլիգանության 4 մասնակիցներին
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` մի խումբ անձանց կողմից բռնության և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց նկատմամբ` ծեծի ենթարկելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց:
Այսպես, Ֆրունզե և Վահե Բադալյանները 01.01.2018թ.-ին` ժամը 05:30-սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիր, որտեղ նկատելով ընտանիքի հետ հյուրընկալված Հ. Գալստյանին` նրան հանձնարարել են կանչել հյուրանոցի տնօրենին: Հ. Գալստյանը խնդրել է այդ հարցով դիմել հյուրանոցի աշխատակցուհուն, քանի որ ինքն ընդամենը հյուր է: Այդ պատասխանը վրդովվեցրել է Ֆրունզե և Վահե Բադալյաններին, ովքեր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հյուրանոցի աշխատակիցների և այցելուների նկատմամբ, ապա` հայհոյանքներ տալով հարձակվել են Հ. Գալստյանի վրա և սկսել ծեծել նրան: Ֆ. Բադալյանը փորձել է նաև դանակով հարվածել վերջինիս: Այդ ընթացքում Ֆրունզե և Վահե Բադալյանները հարվածներ են հասցրել նաև հորը պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտած Հ. Գալստյանի որդուն: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետևանքով Հ. Գալստյանը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:
Վահե և Ֆրունզե Բադալյաններն իրենց խուլիգանական գործողությունները դադարեցրել են միայն հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանի միջամտության արդյունքում և հեռացել: Սակայն իրենց հակաօրինական վարքագիծը շարունակելու դիտավորությամբ որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են` իրենց հետ բերելով մետաղապլաստե կտրված խողովակներով և դանակով զինված ևս 7-8 հոգու, այդ թվում` Հովիկ Հովակիմյանին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Արտակ Բադալյանին:
Ներխուժելով սրահ` Ֆրունզե Բադալյանը որպես զենք օգտագործվող մետաղապլաստե խողովակով հարվածներ է հասցրել հյուրանոցի աշխատակից Ժ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Հովիկ Հովակիմյանը, իր հերթին, դանակը ձեռքին հայհոյանքներ է տվել և սպառնացել բռնություն գործադրել Ժ. Հարությունյանի նկատմամբ:
Այնուհետև, Ֆրունզե Բադալյանի ցուցումով խուլիգանության մասնակիցները, այդ թվում` Արտակ Բադալյանն ու Հովիկ Հովակիմյանը կոտրել են Դ. Մարտիրոսյանի` հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան ու հյուրանոցի գույքը: Ֆրունզե և Վահե Բադալյաններն էլ խուլիգանության մյուս մասնակիցների հետ կողպված դռները կոտրելով` ապօրինի ներխուժել են հյուրանոցային համարներ, սակայն դրանցում չհայտնաբերելով Հ. Գալստյանին և նրա որդուն` հեռացել են:
Խուլիգանական գործողությունների հետևանքով հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանին պատճառվել է զգալի չափերով գույքային վնաս, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, խաթարվել հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունը, որի պատճառով այնտեղ հյուրընկալված անձինք դիմել են փախուստի:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
Ֆրունզե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով,
Վահե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Հովիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Արտակ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
11:43 05-08-2015
Բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և խուլիգանության դեպքերով հարուցվել է քրեական գործ
2875 դիտում
15:21 10-07-2019
Ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել Աշտարակում տեղի ունեցած խուլիգանության մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
313 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
490 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
415 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ