211652_close_icon
views-count4137 դիտում article-date 20:58 06-04-2018

Սպառողների իրավունքների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության ոլորտներում խնդիրներն համատեղ լուծում են պահանջում. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 6-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովային, ով Հայաստանում է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով: Վարչապետը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կառուցողական փոխգործակցությանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության ոլորտներում ի հայտ եկող խնդիրներն ընդհանուր են, և դրանք համատեղ լուծում են պահանջում: Կարծում եմ՝ այդ առումով մենք հասել ենք փոխգործակցության լավ մակարդակի»,-ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում, որոնք հանգեցնելու են գյուղատնտեսական արտադրանքի և, հետևաբար, այդ արտադրանքի արտահանման աճի: Նշելով, որ հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է՝ վարչապետը կարևորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը: Աննա Պոպովան իր հերթին տեղեկացրել է, որ հայաստանցի գործընկերների հետ արդեն իսկ շատ հաջող համագործակցություն է ձևավորվել՝ մասնավորապես նշելով լաբորատորիաների և գիտահետազոտական հաստատությունների հետ գործակցությունը: Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը՝ նա նշել է, որ տեղյակ է այն ջանքերին, որ Հայաստանը գործադրում է ոլորտի զարգացման և ընդհանուր շուկայի անվտանգության պահպանության ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր