211652_close_icon
views-count5691 դիտում article-date 10:09 06-04-2018

Ամերիկյան բանակը Սիրիայում դիրքավորվել է թուրքական բանակի դեմ-դիմաց. «Ամերիկայի ձայն»

Այս պահին Սիրիայում գտնվող ամերիկյան զորախմբի թվաքանակը հասնում է 2000 զինծառայողի: Նրանց մեծ մասը գտնվում է հյուսիսային Մանբիջ քաղաքում, որը ազատագրվել է Դաեշ-ից քրդական զորամիավորումների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4334494.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը շուտով դուրս կբերվեն Սիրիայից, սակայն ամերիկյան և տեղական ռազմական ղեկավարները հայտարարում են, որ դեռևս վաղաժամ է դրա մասին խոսել: «Մենք ազատագրել ենք այս տարածքները Դաեշ-ից: Այստեղ են մեր ընկերներն ու դաշնակիցները: ԱՄՆ-ի պետքարտուղարության ու Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները մեզ հավաստիացրել են, որ ամերիկյան զորքերը մնում են Մանբիջում»,- ասում է Մանբիջի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Աբու Ադելը: Վերջերս ամերիկյան զորքերը դիրքավորվեցին Մանբիջի բարձունքներից մեկի վրա՝ թուրքական բանակի զբաղեցրած դիրքերի հետ սահմանային գոտում: «Նախկինում այս դիրքերը միայն մենք էինք վերահսկում: Այժմ դրանք ավելի լավ են պաշտպանված, քանի որ վստահ ենք, որ թուրքական զորքերն ու զինյալները չեն հարձակվի այս ուղղությամբ»,- ասում է Մանբիջի դիրքերի հրամանատար Ալի Մանբիջը: Սպիտակ տունը իր հերթին կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից՝ ընդգծելով, սակայն, որ առայժմ դրա վերաբերյալ չկան հստակ ժամկետներ: «Մենք ցանկանում ենք իշխանությունը փոխանցել տեղի ուժերին ու այդ ընթացքում բացառել, որ Դաեշ-ը կրկին գլուխ բարձրացնի այնտեղ: Սա է մեր բռնած ուղղությունը, ուր կարողացանք գրանցել հաջողություններ նախագահի առաջնորդությամբ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը: Փորձագիտական շրջանակները շարունակում են պնդել, որ չնայած Դաեշ-ը կորցրել է վերահսկողությունը այս տարածքների նկատմամբ, այն շարունակում է իր գոյությունը պահպանել Սիրիայում և վտանգ ներկայացնել: «Թրամփի խորհրդականները վերջին օրերին փորձում էին համոզել նախագահին, որ այս պահին զորքերի դուրս բերումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, քանի որ այսպիսով կուժեղանան Ռուսաստանի ու Իրանի դիրքերը, որոնք աջակցում են Դամասկոսին: Դա նաև կխրախուսի Թուրքիային շարունակել իր հարձակումը Աֆրինում ու դեպի Թալ Ռիֆաաթ և արևելք»,- նշում է Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Ամի Օստին Հոլմսը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը քրդական զորամիավորումներին Սիրիայում և Իրաքում դարձել է մշտական լարվածության աղբյուր Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում:

Նմանատիպ նյութեր