211652_close_icon
views-count2890 դիտում article-date 22:45 05-04-2018

Մեկնարկել են Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները

Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հաձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետերը, համայնքների ղեկավարներ: Բացելով նիստը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ողջունեց միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին, նշելով, որ ակնկալում է ակտիվ քննարկումներ և իրատեսական առաջարկություններ: - Միջգերատեսչական հանձնաժողովը խնդիր ունի արժանավայել կազմակերպելու և աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով անցկացնելու Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, - նշեց ԱԻ նախարարը: Տարեվերջին անցկացվելիք համապետական միջոցառումները կներառեն երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում, աղետներին դիմակայունության համապետական վարժանք, «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի անցկացում և դաշտային խոհանոցի մրցույթ: Աշխատանքային խմբերի ղեկավարներն ըստ ուղղությունների ներկայացրեցին միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված աշխատանքներն ու առկա խնդիրները: Մասնավորապես, նիստի մասնակիցներին ներկայացվեցին աղետներին դիմակայունության համապետական վարժանքի, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տարահանման ուսումնավարժությունների, մարզերում անցկացվելիք տակտիկական և ցուցադրական վարժանքների հետ կապված մանրամասներ: Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմերի եռօրյա վարժանքը ևս մեկ հնարավորություն կլինի ցուցադրելու, որ Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Հայաստանը փրկարարներ և օգնություն ներմուծողից դարձել է արտահանող երկիր: Միջոցառումների շարքում նախատեսվում է Գյումրիում անցկացնել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ, որին կմասնակցեն դաշտային խոհանոց ունեցող ՀՀ գերատեսչությունները, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, միջազգային մասնակիցներ ու դիտորդներ: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի հետ կապված մի շարք հարցեր: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին որոշվեց մեկամսյա ժամկետում աղետի գոտու պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ ճշգրտել աշխատանքային պլանները՝ հաշվի առնելով քննարկումներն ու արված առաջարկությունները, իսկ նոր և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարությանը:

Նմանատիպ նյութեր