211652_close_icon
views-count3080 դիտում article-date 17:14 04-04-2018

«Նոյյան Տապան» թղթադրամն արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» մրցանակին

Հայաստանի Հանրապետության առաջին հավաքորդական «Նոյյան Տապան» թղթադրամը, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ազգային դրամի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, 2018 թ. փետրվարին Վարշավայում (Լեհաստան) անցկացված «High Security Printing EMEA (Europe, Middle East, Africa)» կոնֆերանսին արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» (“The Best Regional Banknote of the Year”) մրցանակին: Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մրցանակը շնորհվել է կոնֆերանսի կազմակերպիչ «Reconnaissance International» կազմակերպության կողմից: Վերջինիս գործունեությունը ներառում է պաշտպանված տպագրության ոլորտը լուսաբանող 5 տեսակի ամսագրերի՝ ներառյալ «Currency News» ամսագրի հրատարակումը, միջազգային սեմինարների և կոնֆերանսների կազմակերպումը, հատուկ տեղեկատուների և հաշվետվությունների կազմումը, ինչպես նաև ռազմավարական խորհրդատվության տրամադրումը կառավարություններին և գործարարներին: «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» ամենամյա մրցույթին մասնակցելու համար ոլորտի կազմակերպություններն ընտրում և առաջարկում են տվյալ տարվա ընթացքում թողարկված թղթադրամներ, որոնցից կազմվում է մրցույթի մասնակից թղթադրամների վերջնական ցանկը: Մրցույթի ժյուրին կազմված է «Reconnaissance International» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներից, կոնֆերանսի կազմակերպիչներից և “ID & Secure Document News” և “Currency News” պարբերականների հրատարակիչներից: Բացի «Նոյյան տապան» 500 դրամ անվանական արժեքով ՀՀ հավաքորդական թղթադրամից, մրցույթին մասնակցել են Իսրայելի նոր շեկել շարքի թղթադրամները, Վրաստանի ազգային բանկի 5 լարի անվանական արժեքով նոր թղթադրամը, Շվեյցարիայի 10 ֆրանկ անվանական արժեքով նոր թղթադրամը, Ղրղզստանի 2000 սոմ անվանական արժեքով նոր հիշատակային թղթադրամը, Ռուսաստանի դաշնության 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով նոր թղթադրամները, Շոտլանդիայի բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը, Շոտլանդիայի թագավորական բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը, Անգլիայի բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը, 50 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամը, Հունգարիայի ազգային բանկի 1000 ֆորինտ անվանական արժեքով նոր թղթադրամը, Լեհաստանի ազգային բանկի 20 զլոտի անվանական արժեքով նոր հիշատակային թղթադրամը, Նորվեգիայի 100 և 200 կրոն անվանական արժեքով նոր թղթադրամները: «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» մրցանակը շնորհվում է այն թղթադրամին կամ թղթադրամների շարքին, որոնցում համատեղված են գեղեցիկ դիզայնը, տեխնիկական հագեցվածությունն ու պաշտպանվածությունը: Թղթադրամների գնահատման հիմնական չափորոշիչներ են հանդիսանում գեղարվեստական մոտեցումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և բարձրաստիճան պաշտպանվածությունը՝ միաժամանակ մեծ կարևորություն տալով թողարկող երկրի մշակութային ժառանգության ներկայացմանը, ինչպես նաև ընդհանուր դիզայնի ու դրանում օգտագործված խորհրդանշական տարրերի անմիջական կապվածությանը թողարկող երկրի հետ:

Նմանատիպ նյութեր