211652_close_icon
views-count3523 դիտում article-date 14:02 04-04-2018

Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագիր է կնքվել

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այդ ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ, որից հետո պատվիրակությունը քաղաքապետ Նիեզոնի ուղեկցությամբ շրջայց է կատարել Բուրգ դե Պեաժում։ Այնուհետև քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հռչակագիրը ստորագրել են Մարտունու և Բուրգ դե Պեաժի քաղաքապետեր Մհեր Խաչատրյանն ու Նատալի Նիեզոնը։ Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի անդամ Դիդյե Գիոնը, Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Օրվա ավարտին պատվիրակությունը Բուրգ դե Պեաժում մասնակցել է «Արցախի ձայներ» խմբի համերգին։ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր