211652_close_icon
views-count5157 դիտում article-date 10:08 04-04-2018

Ռուսաստանին չի հաջողվի ճնշել Հայաստանին տարածքներ զիջելու հարցում. ամերիկյան փորձագետ. «Ամերիկայի ձայն»

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին էր նվիրված Վաշինգտոնում, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում անցած քննարկումը: Մարտահրավերներից կարևորագույնը Արցախյան հակամարտության կարգավորումն է, համաձայնեցին ամերիկյան փորձագետները: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը. «Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»: Վերլուծաբանի խոսքով, ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելու հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցել: Հայաստանը սակայն, իր հերթին պետք է զիջումների պատրաստ լինի, նշում է Յալովիցը. «Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ տարածքների վերաբերյալ դուք պետք է որոշում կայացնեք՝ արդյոք ձե՞ր շահերից է այդ տարածքները պահել, չնայած ամեն ինչի, թե՞ ժամանակն է այդ տարածքների փոխարեն Ադրբեջանից զիջումներ ստանալ»: Դրան հակառակ սակայն, ապրիլյան պատերազմն էլ ավելի կողմերին հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երևանը «վերադարձնելու» վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասում է. «Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որևէ տարածքներ չվերադարձնել»: Անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերին, Սթրոնսկին նշում է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հաջողության հասնել, եթե փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել տարածքներ զիջելու համար. «Ռուսաստանը կարևոր դեր է խաղում այստեղ, սակայն, ես չեմ հավատում, որ բոլոր խաղաթղթերը Ռուսաստանի ձեռքում են»: Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյի կարծիքով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ հասարակությանը, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ Ռուսաստանից որևէ աջակցություն պատերազմի դեպքում չի լինելու: «Հայաստանում մարդիկ ակնկալում էին, որ Ռուսաստանն աջակից կլինի Հայաստանին, ավելին կանի Հայաստանը պաշտպանելու համար», - նշում է Լանսկոյը: Սակայն, երբ դա տեղի չունեցավ, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները սկզբում հիասթափություն ապրեցին, այնուհետև՝ փորձեցին ավելի ամրապնդել Արևմուտքի հետ հարաբերությունները, նշում է վերլուծաբանը: Ռուսաստանը Արցախյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն, բոլորովին այլ հարց է, թե որքանով է Ռուսաստանին ձեռնտու խնդրի վերջնական խաղաղ կարգավորումը, ավելացնում է Քեն Յալովիցը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում. «Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, և հավատացած եմ, ռուսները նույնպես կարող են անել, թույլ չտալ պատերազմական գործողությունները»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4331523.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր