211652_close_icon
views-count4476 դիտում article-date 15:29 02-04-2018

Գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ հասարակության և պետական համակարգի կենսակերպն է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակաշինությունը պետականաշինության նման անընդհատ գործընթաց է համարում: Վիգեն Սարգսյանն ընդգծում է՝ ցանկացած պահի, երբ մարդիկ համարում են, որ կատարել են ամեն ինչ տվյալ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու համար: Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ Հայաստանում բանակաշինությունը բացառիկ պատմություն ունի. այն զրոյից ձևավորվել և դարձել է կուռ պետական կառույց, հաղթական բանակի ձևավորման պատմություն է: «Ապրիլյան դեպքերը, որքան էլ ցավալի են ու ողբերգական, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ՝ անգամ աշխարհի ամենաուժեղ բանակը, ի հայտ չի բերել: Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, անգամ կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի հետ: Ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, կորստի անդառնալի կորստի զգացում է ամեն անգամ, միևնույն ժամանակ մեծ հպարտության զգացում է այն մարդկանց անցած ուղու համար, ովքեր մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն անառիկ են պահում, և մեր խնդիրն է դրան համարժեք ձևավորել պայմաններ և միջավայր, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»,- «[url=https://armenpress.am/arm/news/928432.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել այն է, որ որպես հասարակություն գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր կամ հասարակության մի մասի ուսերին դրված, հասարակության կենսակերպից կտրված: «Կարծում եմ, որ մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, պետական համակարգի: Սա է առանցքը մեր հետագա քայլերի, ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես ազգ-բանակ պաշտպանենք մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունն ու այն հսկայական ժառանգությունը, որ ունենք»,- նշեց նա: ՀՀ պաշտպանության նախարարը նկատում է, որ հայ ժողովրդի պայքարը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է Արցախում: Նրա գնահատմամբ՝ մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն: «Մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու, արագ զարգանալու և միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել այդ զարգացումը պաշտպանելու համար: Ես չեմ կարծում, որ որևէ պաշտպանության նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայել մեր հասարակության աչքերին և ասել, որ ամեն ինչ արել են, ամեն ինչ փայլուն է, և որևէ խնդիր չկա: Ով նման բան ասի, դա նշանակում է կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում կամ ուղղակի անելիք չունի»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը: Նա հավաստիացրեց, որ շատ հետևողական աշխատել են և աշխատելու են բանակի մարտունակությունը բարձրացնելու համար, բանակի համբավն այն մակարդակում պահելու համար, որով մենք դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից զինադադարը կնքելիս: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928432.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր