211652_close_icon
views-count1900 դիտում article-date 20:04 30-03-2018

Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ջերմությամբ հիշելով ս.թ. հունվարին կայացած իր այցը Փարիզ և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ ուրախությամբ են սպասում Ֆրանսիայի նախագահի պետական այցին, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար: Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում գագաթնաժողովի նախապատրաստության ուղղությամբ և հավաստիացրել է, որ Ֆրանսիան ամենայն աջակցություն կցուցաբերի այդ կարևորագույն իրադարձության պատշաճ անցկացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր