211652_close_icon
views-count2013 դիտում article-date 19:16 30-03-2018

Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նախորդ առաքելությունների ընթացքում նրա կուտակած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի իմացությունը թույլ կտան լավագույնս իրականացնել իր առաքելությունը Հայաստանում: «ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից և Երևանում գրասենյակի հիմնադրումից քառորդ դար անց ՄԱԿ-ը Հայաստանում շարունակում է ընկալվել որպես խաղաղության, համագործակցության և զարգացման մարմնավորում: Այս առումով Ձեր գլխավորած գրասենյակի գործունեությունը շատ պատասխանատու է և կարևոր մեր հասարակության համար: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ փորձելով մեր նպաստը բերել կազմակերպության առաջնայնությունների իրականացմանը, ինչպես նաև խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորմանը: Եվ սրա վկայությունը Հայաստանի ակտիվ մասնակցությունն է խաղաղապահ գործունեությանը, իհարկե, նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը, և սրան, անշուշտ, նպաստել են մինչ այժմ կատարված աշխատանքն ու հաջողված ծրագրերը: Դրա լավագույն օրինակներից մեկը Հայաստանի ընտրական գործընթացներին նորագույն տեխնիկական միջոցների ներդրմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ցուցաբերած գործուն օժանդակությունն է, որը նպաստեց ընտրությունների առավել թափանցիկությանն ու այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր գործունեության մեջ: Հավատացած եղեք, որ Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և նշել, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում արժանացել է ջերմ ընդունելության ու իրեն զգում է ինչպես տանը: «Պարո՛ն Նախագահ, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Հայաստանում այն կարևոր բարեփոխումների օրակարգի կապակցությամբ, որը Ձեր առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ նաև այն կարևոր և սերտ համագործակցության համար, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ: Ցանկանում եմ, մասնավորապես, ընդգծել Հայաստանի կառավարության ջանքերը Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների կանխարգելման կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման գործում՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով: Ուրախ ենք, որ Հայաստանում մեր գործունեությամբ հավելյալ արժեք ենք հաղորդում և գործուն աջակցություն ցուցաբերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին»,- Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Օրակարգ 2030-ին և կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ համատեքստում՝ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին և դրանց իրականացման հարցում ՄԱԿ-ի կողմից իրագործվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր