211652_close_icon
views-count2849 դիտում article-date 16:50 30-03-2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նանբանդյանը ջերմությամբ վերհիշեց անցյալ դեկտեմբերին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պետքարտուղար Լեմուանի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Բատիստ Լեմուանը ասաց, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ընդգծելով, որ իր պատվիրակության այցն ունի բավականին հագեցած օրակարգ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ ունեցան հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձան գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՖՄԿ քարտուղարկության հետ սերտ համագործակցությամբ: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ նշեցին, որ հայ-ֆրասնիական երկկողմ համագործակցությունը շարունակական և համակողմանի զարգացում է ապրում՝ նշանավորվելով բազմաթիվ, այդ թվում` նախագահական փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, նոր բարեկամական կապերի հաստատմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև, տնտեսական համագործակցության խորացմամբ, Հայաստանում Ֆրանսիական բիզնեսի ներկայության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի ամրացմամբ։ Կողմերն քննարկեցին նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները: ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր