211652_close_icon
views-count4789 դիտում article-date 20:32 29-03-2018

Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան. Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, շրջել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Այնուհետև նախարարն ուղևորվել է Լոռու մարզպետարան, որտեղ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ: «Ֆերմերը կվճարի միայն սերմնանյութի համար, իսկ ծառայության մատուցման գումարը կփոխանցի պետությունը, արդյունքում ծնված կենդանին կաթնատվության տարիքում կտա 500 կգ ավել կաթ և 50 կգ ավել միս, ինչն ակնհայտ շահավետ առաջարկ է»,- հավելել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով` կենդանու խնամքը, անասնապահությունը գյուղացու համար շատ ծանր աշխատանք է, իսկ այս ծրագիրը հնարավորություն կտա էականորեն ավելացնել կաթնատվությունն ու մսատվությունը, և ավելի քիչ գլխաքանակով ավելի շատ եկամուտ ստանալ: Խորհրդակցությունից հետո նախարար Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է «CARMAC Group» իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այնուհետև նախարարն այցելել է շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի: «CARMAC Group» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ: «Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,-նշել է նախարար Առաքելյանը: Նախարարի խոսքով` նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում: Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը` մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար արդյունավետ պաշտպանել իրենց այգիները: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր