211652_close_icon
views-count9152 դիտում article-date 11:43 28-03-2018

Ինձ գիտեն բոլոր մեղավորները. Արմեն Շեկոյան. Tert.am

Արմեն Շեկոյանի ծննդյան օրվա առթիվ [url=http://www.tert.am/am/news/2015/03/28/armen-shekoyan/901461]Tert.am[/url]-ը վերաթողարկում է բանաստեղծի հետ լրագրող ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցը։ ...Ինձ գիտեն բոլոր մեղավորները, մորուքավոր ու բեղավորները, անմորուսները և անբեղները, անմեղսունակներն ու անմեղները, բոլոր գիտուններն ու թերուսները, նամուսովներն ու աննամուսները: Ինձ գիտեն բոլոր նկարիչները, մուտիլովչիկներն ու սադրիչները, բոլոր օձերը և կարիճները, ենթակաները և վարիչները: Ինձ գիտեն բոլոր գրամոլները, Ինձ գիտեն բոլոր խաղամոլները, որ խարխափում են էս անլույս մթնում: Նրանք ինձ գիտեն, սակայն չեն գտնում։ Արմեն Շեկոյան «Երևան հյուրանոց» [b]– Շեկոյան, այնպես չստացվի, որ հարցազրույցն անենք, վերջացնենք, հետո ասես՝ ա. Անհաջող է, մի տպի, բ.Բռնի ջնջի, գ. Գրածս տանես, «տյունինգ» անես, բերես, դ. Դրա համար քեզնից նախնական խոստում եմ կորզելու՝ այս հարցազրույցին տե՞ր ես, թե՞ ոչ։ [/b] – Եթե անհաջող ստացվի՝ տեր չեմ։ Բայց թող տպվի։ Անհաջող բանին ո՞նց տեր կլինես, երբ սխալ բան ես ասել, հետո չես հաջողացրել ջնջել։ [b]– Հիմա եթե հարցազրույցը քո ուզածով չլինի, ի՞նչ ես կարծում, ես քո ձեռքից կպրծնե՞մ։ [/b] – Ես իդեալակա՞ն եմ, որ իդեալական բան պահանջեմ։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ուղղակի նախապես ներողություն եմ խնդրում. հիմա հարցազրույց վերցնում են հիմնականում այն մարդկանցից, ումից չի կարելի վերցնել։ Օրինակ, գրող–մտավորականներից։ Որտեղ բացում ես՝ մի հարցազրույց կա նրանց հետ։ Ու ինչ ասես հարցնում են՝ մանավանդ, ինչու՞ չեք առաջնորդում ժողովրդին։ Մեկը լինի՝ սոցիալապես ծանր վիճակում հայտնված այդ խեղճ մտավորականին առաջնորդի։ Պարզ չէ՞, թե էդ մարդու առաջնորդածն ուր պիտի տանի. եթե ինքն իրեն չի կարողանում առաջնորդել, ուրիշին ոնց կառաջնորդի։ [b]– Լավ։ Հատուկ մեր հարցազրույցի համար մի առանձին կոնցեպտ եմ մտածել և ուզում եմ քեզ հետ համաձայնեցնել։ Եթե դրան տեր լինես, իմացիր, որ մենք մարդկությանը կապացուցենք, որ, ամեն դեպքում, իդեալական բաներ լինում են (ծիծաղում ենք-Վ.Ս.)։ [/b] [b]Տես, մենք ապրելով եկանք, և այդ արանքում մեզ մարդիկ հանդիպեցին, որոշները փչացան, ընկան, առանձինները մեզ լքեցին, թռան։ Ես ուզում եմ քո «Երևան հյուրանոցի» կառուցվածքով դու հատ-հատ քո կարծիքն ասես մարդկանց մասին, իհարկե, ոչ պոեմումդ հիշատակված 800 մարդու, այլ նրանց մասին, ովքեր եղած դաշտերում դեռ խաղում են՝ քաղաքականությունից մինչև գրականություն։ [/b] – Չէ, չէ։ Այսօր ես եկել եմ, որ իմ մասին կարծիք ասեմ։ Որովհետև բոլորը բոլորի մասին կարծիք են ասում, և ոչ ոք իր մասին կարծիք չի հայտնում, չի խոսում հատկապես իր թերությունների մասին։ Որովհետև, եթե դու ասում ես, որ ազնիվ ես, պիտի բացատրես, թե ինչով ես ազնիվ։ Կամ՝ եթե մեկին ասում ես անազնիվ, պիտի բացատրես, թե դու նրանից ինչո՞վ ես առավել։ [b]– Փաստորեն, իմ առաջարկած կոնցեպտը միաձայն մերժեցիր, համաձայն չես։ [/b] – Ես գտնում եմ, որ մարդիկ չափից ավելի են ուրիշներով զբաղվում։ Երբ դու ուրիշներին սկսում ես գնահատականներ տալ, նշանակում է՝ դու քեզ նրանցից բարձր ես դասում։ Եվ ընդհանրապես, ես կողմ եմ անկոնցեպտին։ Դու «Երևան հյուրանոց» ասացիր. դա էլ կոնցեպտ չունի։ 16 հատոր վեպ եմ գրել՝ առանց կոնցեպտի։ Հիմա հարցազրույցը պիտի կոնցեպտո՞վ լինի։ Մարկեսը կարող է իր ազգին առաջնորդել, որովհետև նա լուծել է իր անձնական խնդիրները։ Նա անձնական խնդիրներ այլևս չունի։ Նույնը՝ Սոլժենիցինը։ Եվտուշենկոյի մասին էլ կարող եմ նույնը ասել, ում հարցազրույցը երեկ եմ լսել։ Ես տեսնում եմ, որ այդ մարդն անձնական խնդիր չունի։ Ոչ թե մեզնից մեծ է կամ լավն է, այլ լուծել է իր անձնական խնդիրները։ Նա վճարունակ ազգի գրող է. նա կարող է մի գիրք տպել և միլիոնատեր դառնալ։ Վճարունակ ընթերցող ունի։ [b]– Շեկոյան ջան, փաստորեն, դու քո կոնցեպտն առաջարկեցիր, և ինչպես հասկացա՝ դա մոնոլոգն է։ Հիմա ես քեզ հարց-բան չտա՞մ։ [/b] – Ի՞նչ կա, թող մոնոլոգի պես լինի։ [b]– Բայց դա արդեն կոնցեպտ է։ Չնայած, եթե ուզում ես, թող այդպես լինի։ Այնքան հարցազրույց չես տվել, որ ամեն տեսքով էլ համաձայն ենք։ [/b] – Չէ, չէ։ Դու կարող ես ինձ հարց տալ։ [b]– Շնորհակալ եմ, սկսեցինք. ո՞նց ես զգում քեզ Հայաստանի բաց երկնքի տակ։ [/b] – Որ ասեմ շատ լավ եմ, սուտ կլինի, որովհետև ես ինչով զբաղվում եմ և ամբողջ կյանքում եմ զբաղվել , այսօր դրանով չեմ կարողանում ապրել։ Այսինքն՝ ես պիտի զարտուղի ճանապարհներով ապրեմ, որը չկա, կամ էլ կա, բայց իմ տարիքում դժվար է հայտնաբերել, հասկանո՞ւմ ես։ [b]– Բայց դու այն եզակիներից ես, որ միշտ տպագրվել ես մամուլում, և մենք քո օրինակով իմացել ենք, որ Հայաստանում մի քանիսին, գոնե հաջողվում է գրողի մասնագիտությամբ, ընթերցողների հաշվին ապրել։ [/b] – Ես չեմ ասում, թե միշտ այսպես է եղել։ Մինչև 2000-2001 թվերը ես ապրել եմ ստեղծագործական աշխատանքով։ Եվ այնպես չէ, որ երբ սովետը քանդվեց, սկսեցի օդի մեջ կրակել ինչ-որ բառեր։ Ես ապրել եմ գրականությամբ և հետագա իմ գրքերը տպագրվել են «Առավոտ», «Հայկական ժամանակ» թերթերում և կոպիտ ասած՝ դրանով ընտանիք եմ պահել։ Ուզում եմ ասել, որ մինչև վերջերս գրականության հանդեպ հետաքրքրություն եղել է։ Էլ չեմ ասում, որ բանաստեղծությունների երկու հաստափոր գրքերս էլ եմ նշածս թերթերում տպել, դրանից հետո պատմվածք ու վեպ։ 4-5 տարի առաջ լավ կարդում էին։ [b]– Ինչի՞ց ես եզրակացրել, որ հիմա չեն կարդում։ [/b] – Տեսնում եմ։ Նույն թերթերն անհամեմատ քիչ են սկսել տպագրել։ Չէի ասի, թե գրածիս որակական մակարդակը փոխվել է, բայց վստահ եմ, որ քիչ են կարդում։ Ես խոսեցի վերջին տարիներից, բայց, ընդհանուր առմամբ, դա մեր գրողների ողբերգությունն է։ Նարեկացուն, որ Դանթեի չափ մեծություն է, հայերից բացի համարյա ոչ ոք չգիտի։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2015/03/28/armen-shekoyan/901461]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր