211652_close_icon
views-count2701 դիտում article-date 21:42 27-03-2018

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է բանաստեղծ Թորոս Թորանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցերեկույթին

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ մարտի 27-ին Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված ցերեկույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ մեծանուն գրողին ճանաչում ու նրա գործունեությանը տեղյակ է դեռևս 1980-ական թվականներից: «Լինելով սփյուռքահայ հայտնի մտավորական՝ Թորոս Թորանյանը անգամ Խորհրդային Հայաստանի տարիներին մեծ անուն էր վայելում Հայրենիքում, ընդունված ու սիրված էր: Ուրախ եմ, որ երբեմնի դրախտային Հալեպը պատկերացրել եմ հենց Թորոս Թորանյանի կերպարով: Ծնվելով Հալեպում, եկավ Հայաստան բժշկական կրթություն ստանալու, սակայն իր հետագա կյանքն ու գործունեությունն ուղղեց մարդկանց հոգիների բուժմանը, նվիրվեց հայ համայնքին ու Հայ դատի արդարացի լուծմանը»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց նաև, որ սիրիահայ մտավորականն անցավ աշխարհի միջօրեականներով, եղավ Սփյուռքի հայ համայնքներում, և ինչպես ինքն է ձևակերպել, հրաժարվեց «թափառ կյանքից», իր ողջ գերդաստանով վերջին տարիների հաստատվեց Հայաստանում՝ վայելելով Հայրենիքի ջերմությունն ու սերը: Սփյուռքում հայանպաստ գործունեության, հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Թորոս Թորանյանին հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ անգամ այս պատկառելի տարիքում գրող-հրապարակախոսն իր գրիչը վայր չի դնում, շարունակում է իր ավանդն ունենալ Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը կարևորեց Թորոս Թորանյանի գործունեությունը Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում՝ որպես երկարամյա անդամ, և պարգևատրեց միության հուշանվերով: Այնուհետև ելույթներ ունեցան «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը, հայտնի գրականագետներ, արձակագիրներ: Ընթերցվեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Թորոս Թորանյանը նշեց, որ իր ամբողջ կյանքի, գրական ստեղծագործության առանցքում եղել է Հայրենիքը, և եթե հնարավորություն ունենար նորից լույս աշխարհ գալու, կցանկանար ծնվել և ապրել միայն Հայաստանում:

Նմանատիպ նյութեր