211652_close_icon
views-count4793 դիտում article-date 22:40 26-03-2018

Ուկրաինացի վերլուծաբանը մեծապես կարեւորել է Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Ուկրաինա

Քրիստոնեությունը միշտ եղել է հայ ժողովրդի ցեմենտող ուժը` ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Այդ մասին է վկայում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Ուկրաինա, և նրա մասնակցթյունը հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներին: Այդ մասին [url=http://analitikaua.net/2018/maksim-tsarenko-znachenie-vizita-katolikosa-garegina-ii-v-ukrainu-trudno-pereotsenit]AnalitikaUA.net [/url]կայքին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի վերլուծաբան Մաքսիմ Ցարենկոն: Վերլուծաբանի կարծիքով մարտի 16-ը դարձավ պատմական օր Ուկրաինայի հայերի համար՝ հավելելով, որ եվրոպական ամենահին մայրաքաղաքներից մեկում` Կիեւում, ամենամեծ հայկական եկեղեցու շինարարության փաստը ինքնին խոսուն երեւույթ է: «Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմնարկեքի արարողությունը և Դնեպրի հայկական եկեղեցու օծումը ընդգծում է Ուկրաինայի հայերի անբաժանելի հոգեւոր կապը հայրենի հողի եւ նախնիների հավատքի հետ: Վեհափառ Հայրապետի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի դեսպանների, ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի մասնակցությունը Ուկրաինայի հայերի միության համաժողովին տվել է ավելի նշանակալի կարգավիճակ: Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի նախօրեին Ուկրաինայի հայ համայնքը արժանապատվորեն ի ցույց դրեց իր նվաճումները եւ ապագայի պլանները» - ուկրաինական կայքին ընդգծել է Մաքսիմ Ցարենկոն: Հիշեցնենք` մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց Կիեւում կառուցվող հայկական տաճարի հիմնարկեքի արարողությունը, որի ընթացքում նաև «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին: Միջոցառումներին մասնակցել են նաեւ ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մարզային հայկական համայնքների ղեկավարներ, ականավոր հասարակական գործիչներ: Ինչպես հայտնի է, Կիեւում կառուցվող տաճարը լինելու է Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը: Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումն Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ըստ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային օջախի դեր։

Նմանատիպ նյութեր