211652_close_icon
views-count8301 դիտում article-date 11:39 26-03-2018

Ախալքալաքում մանկապարտեզի նորակառույց խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ, հաղորդում է [url=http://jnews.ge/am/?p=18171#.WrijBPmLTIV]Jnews.ge[/url]-ն: 5 ամիս առաջ կառուցված խաղադաշտի բետոնե շերտը քանդվում է: Ֆուտբոլ խաղալու ժամանակ երեխաները հանկարծ հայտնվել են փոսի մեջ: «Ֆուտբոլ էինք խաղում, հանկարծ զգացինք, որ գետինը շարժվում է, սկզբից չէինք հասկանում ինչ է կատարվում, մտածում էինք երկրաշարժ է: Գնդակի հետեւից վազող տղան սայթաքեց ու ընկավ գետնին: Մենք շշմել էինք, խաղադաշտը փլվում էր: Հետո գորգը հետ տարանք ու տեսանք մեծ փոս է», – իրար հերթ չտալով պատմում են Գեւորգն ու Արտաշեսը: Նրանք ընկերներ են, գրեթե ամեն օր դպրոցից հետո շտապում են խաղալու: 3 օր առաջ նրանցից մեկը հայտնվել է փոսի մեջ: Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի հետեւում գտնվող խաղադաշտը 2017 թվականի նոյեմբերին է շահագործման հանձնվել, սակայն հինգ ամիս անց այն արդեն քանդվում է: «Երեխաները հենց սկսեցին խաղալ ցանկապատի ցանցը պատռվեց, բողոքեցինք, եկան փոխեցին, ցանցի երրորդ շերտը չեն արել, աղբը չեն մաքրել, բնակիչները բողոքում են», – ասում է բնակիչներից մեկը: «Ես ժողովի ժամանակ էլ այս հարցը բարձրացրել եմ: Խոստացել են, որ կհեռացնեն, տեսնենք: Այս փողոցի բնակիչները մտածում են, որ եկան իրենց վրա ծիծաղեցին ու գնացին: Ամենավատն այն է, որ երբ խոսում ես անպատասխանատու արված աշխատանքի մասին, ասում են՝ սրանից առաջ առհասարակ խաղադաշտ չունեիք, հիմա լավ չէ, որ գոնե սա ունեք: Այսպես են ասում, որ չբողոքենք», – ասաց քաղաքի այս տարածքից Սակրեբուլոյի պատգամավոր Կարապետ Պալոյանը: Երբ երեխաների ձեռքին գնդակ են տեսնում, խաղադաշտի հարեւանությամբ գտնվող տների բնակիչները զգաստանում են, քանի որ վախենում, որ գնդակը բարձր կթռնի, եւ պատուհանների ապակիները կկոտրվեն: Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորը մատնանշում է խաղադաշտի շինարարական թերությունները: Շեշտադրելով խաղադաշտի բետոնե սուր անկյունները: «Այսպիսի սուր անկյուններ չպետք է լինի խաղադաշտում, երեխան հանկարծ ընկավ, միանգամից կարող է մահանալ, դժբախտությունը մեկ անգամ է պատահում: Ինչքան կարող է այսպես շարունակվել: Անպատասխանատու աշխատանք է, ոչ-ոք չի ուզում նորմալ աշխատանք իրականացնել: Գնում ես պատվիրատուի մոտ, նա ուղարկում է նախագծողի մոտ, նախագծողն ուղարկում է տենդերը հաղթողի մոտ, այսպես իրար վրա են պատասխանատվությունը գցում», – ասաց Կարապետ Պալոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր