211652_close_icon
views-count4998 դիտում article-date 15:07 24-03-2018

Հայաստանում արձանագրվել է ազատազրկման վայրերում մահացության ամենաբարձր ցուցանիշը. Զեկույց

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: «[url=https://www.azatutyun.am/a/29118708.html]Ազատություն[/url]» ռադիոկայանի փոխանցմամբ, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը: Ըստ այդմ, հայաստանյան բանտերում 2015-ին 28 մարդ է մահացել, ընդ որում՝ հինգը գտնվել են նախնական կալանքի տակ, երեքը՝ դիմել են ինքնասպանության: Ընդհանուր առմամբ, Հայաստանում յուրաքանչյուր 10 հազար կալանավորից 70-ը մահանում է պատժաչափը չավարտած, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է մյուս երկրներում արձանագրված միջին ցուցանիշը: Առաջինը լինելով մահացության թվով՝ Հայաստանը միաժամանակ Եվրոպայում վերջիններից մեկն է կալանավորների վրա ծախսվող գումարի չափով: Զեկույցը փաստում է, որ միջինում Եվրախորհրդի անդամ երկրներում յուրաքանչյուր ազատազրկված քաղաքացու համար բյուջեից տրամադրվում է մոտ 50 եվրո, Հայաստանում՝ դրանից շուրջ 5 անգամ քիչ՝ 11 եվրոյից մի փոքր ավելի: Այս ցուցանիշով, ի դեպ, Հայաստանից ավելի վատ արդյունք միայն Մոլդովան է արձանագրել: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, հայաստանյան բանտերը շարունակում են մնալ ծանրաբեռնված․ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է հասնում մոտ 130 կալանավոր, ինչը բարձր է եվրոպական մյուս երկրների միջին ցուցանիշից: Զեկույցը նաեւ փաստում է, որ չնայած եվրոպացի փորձագետների հորդորներին՝ Հայաստանում իրավապահները շարունակում են նախաքննության ընթացքում լայնորեն կիրառել կալանքը՝ խուսափելով խափանման այլ միջոցներից: «Բանտերի ծանրաբեռնվածությունը հատուկ է նախկին Խորհրդային Միության ու Արեւելյան Եվրոպայի երկրներին», - ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Լոզանի համալսարանի պրոֆեսոր Մարսելո Աեբին: - «Կալանավորների համամասնությամբ առաջատար երկրները հենց այդ տարածաշրջանում են, այդ՝ առավել պատժիչ մշակույթը եկել է անցյալից: Ի տարբերություն, ասենք, Արեւելյան Եվրոպայի, այս երկրները դեռ պահպանում են քրեական քաղաքականությունը, որն առավել խիստ է, շատ դեպքերում սահմանվող պատժաչափերն էլ առավել երկար են»: Հայաստանում, ըստ զեկույցի, առավել ծանր պատժաչափի՝ հինգ եւ ավելի տարվա ազատազրկման է դատապարտված կալանավորների 40 տոկոսից ավելին, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է եվրոպական երկրներում արձանագրված միջին ցուցանիշը: Հակառակ սրան՝ հայաստանյան դատարանները խիստ հազվադեպ են կիրառում մինչեւ մեկ տարվա ազատազրկումը․ եթե եվրոպական մյուս երկրներում միջինում կալանավորների շուրջ 13 տոկոսն է նմամ մեղմ պատճաչափի դատապարտվում, ապա Հայաստանում այդ ցուցանիշը անգամ 2 տոկոսի չի հասնում: Հանցանքների շարքում ամենից հաճախ հանդիպում են գողությունը, ոտնձգությունը մարդու սեփականության նկատմամբ ու առողջությանը հասցված վնասը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.azatutyun.am/a/29118708.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր