211652_close_icon
views-count3254 դիտում article-date 19:10 23-03-2018

Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին

[b]Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին [/b] Մեծարգո Նախագահ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները՝ նախագահը, խորհրդարանը եւ վարչապետը սրտանց շնորհավորում են Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ամբողջովին կիսում ենք Ձեր համոզմունքն առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, հատկապես տարագիր հայության գոյության եւ անշեղորեն զարգանալու անվիճելի իրավունքը հնարավոր է պահպանել-պաշտպանել մեր արարչագործ ժողովրդի մշակութային եւ ինտելեկտուալ ծրագրային զարգացմամբ: Ըստ այդմ, Հայաստանի համապատասխան ռեսուրսների լիարժեք օգտագործումը նրա քաղաքացու արժանապատվության բարձրացմամբ եւ Հայրենիքի հանդեպ սիրո-նվիրումի վերահաստատմամբ, ողջ հայության հետ միասին Հայոց պետականության ռազմավարական բոլոր ուղղությունների ամրացումն ու հետեւողական առաջընթացը պետք է հիմնված լինի նախեւառաջ նրա քաղաքացու արժեքային համակարգի եւ բարոյահոգեբանական անաղարտ կերտվածքի ու վարքականոնի վերահաստատման, ազգային դպրոցի արդիականացման եւ կրթության բովանդակության զարգացման, հայրենասիրական, ընդհանուր եւ գիտակրթական դաստիարակության հեռահար ծրագրերի վրա: Նշված ռազմավարական հիմնահարցերի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները բազմիցս հանդես են եկել ինչպես ծրագրային նյութերով, այնպես էլ ներկայացուցչական զեկուցումներում: Ի մասնավորի, մեր կողմից առաջարկվել է Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ լիիրավ անդամ եւ նրանց բոլոր հիմնահարցերի լուծումը սերտորեն առնչել Հայկական Հարցի արդարացի ու վերջնական լուծման ջանքերին: Մեծ առումով հենց այդ խնդիրների լուծման հեռահար ռազմավարական ուղենիշներն են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառույցների ձեւավորման անշրջանցելի պահանջը, նրա շուրջ 7-ամյա նախապատրաստական, իրավական-ծրագրային գործունեության փարոսը, որի ողջ գործունեությունն իր ձեւավորումից ի վեր, իր կառուցվածքով եւ բովանդակությամբ օրինական է եւ իրավաչափ: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները նշված սկզբունքային հարցերում երբեք չեն դրսեւորել ինքնագործունեություն: Այսու հակված ենք այն համոզմանը, որ Դուք եւս չեք տարակուսում, թե Հայոց միասնական շահերն արտահայտելու եւ պետականորեն առաջ տանելու համար մենք պետք է գործենք միասնաբար, ազգային-պետական ռազմավարության միասնական հայեցակարգի պահանջներին համահունչ: Վերստին շնորհավորելով Ձեզ Հայաստանի Նախագահի բարձրագույն պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ պետականամետ ստեղծագործ գործունեություն պաշտոնավարման ողջ ընթացքում՝ ի շահ համայն հայության: Հայտնում ենք Ձեզ աներկբա աջակցության պատրաստակամություն ռազմավարական նշանակության բոլոր ծրագրերի կյանքի կոչելու գործում՝ ի շահ հայկական երեք հանրապետությունների անվտանգության ու զարգացման, ի շահ աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանության եւ բարգավաճման: [b]Ռադիկ Խամոյան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ Տիգրան Փաշաբեզյան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ Արմեն Տեր-Սարգսյան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ[/b]

Նմանատիպ նյութեր