211652_close_icon
views-count3697 դիտում article-date 12:45 23-03-2018

Տեղի է ունեցել ՀՌՀ Էկոլոգիական ակումբի հիմնադիր ժողովը

Հայ-Ռուսական համալսարանի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում կայացել է Էկոլոգիական ակումբի հիմնադիր ժողովը, որին մասնակցել են ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, համալսարանի ուսանողներ և դասախոսներ: ՀՌՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի ավագ դասախոս, բնապահպան և ՀՌՀ Էկոլոգիական ակումբի հիմնադիր-ղեկավար Գագիկ Սուխուդյանը հույս է հայտնել, որ համալսարանում էկոլոգիական ակումբի հիմնումը նպաստելու է ուսանողների շրջանում բնության և երկրի բնական ռեսուրսների հանդեպ պատասխանատվության մեծացմանը: «Էկոլոգիական դաստիարակությունը շատ կարևոր է, քանի որ այսօրվա ուսանողները հետագայում երկրի համար պատասխանատու որոշումներ կայացնելուց կամ օրենքներ ընդունելուց անպայման պետք է գիտակցեն շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր ռիսկերն և ազդեցությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀՌՀ Էկոլոգիական ակումբը պատրաստ է համագործակցել պետական գերատեսչությունների հետ՝ բնապահպանական գնահատական տալով երկրի էկոհամակարգի վրա տարբեր նախագծերի (հատկապես` հանքարդյունաբերական) ազդեցության վերաբերյալ։ Հայ-Ռուսական համալսարանի Էկոլոգիական ակումբի անդամները որպես առաջնային խնդիր դիտարկում են Սևանա լճի մակարդակի բարձրացման, նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և խելամիտ կառավարման հարցերը: «Սևանա լիճ թափվող 28 մեծ ու փոքր գետերը իրենց հետ բերում են վատ որակի ջուր, որի պատճառն այն է, որ շրջակա գյուղերի բնակիչները ուղղակի աղբանոցների են վերածում այդ գետերի հուները։ Մեր երկրի գլխավոր հարստության հանդեպ նման վերաբերմունքի պատճառը հենց համապատասխան էկոլոգիական գիտելիքների բացակայությունն է, որի բացը մենք պետք է լրացնենք՝ հակառակ պարագայում մենք հետագայում էկոլոգիական լրջագույն աղետի առաջ ենք կանգնելու»,- հավելել է Գագիկ Սուխուդյանը։ ՀՌՀ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր