211652_close_icon
views-count2585 դիտում article-date 22:47 22-03-2018

Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու գործով տուժող կողմը դատավորին ինքնաբացարկ կհայտնի

Այսօր՝ մարտի 22-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը: Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Նրա իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Ս. Սողոմոնյանը: Վ. Խաչատրյանն ու Տ. Նազարյանն մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Այսօր դատական նիստը ուշացումով սկսվեց. պատճառը ամբաստանյալների ու նրանց պաշտպան Գ. Գալիկյանի ուշացումն էր: Դատական նիստն սկսելուն պես ամբաստանյալները հայտարարեցին, որ չեն ցանկանում տեսա և լուսանկարահանվել: Նախագահող դատավոր Լ. Աբգարյանն էլ պնդեց, որ դա անձնական կյանքի միջամտություն է, և լրագրողներին հորդորեց տեսանկարահանում իրականացնել դատական նիստի առաջին 5 րոպեների ընթացքում: Նրա պնդմամբ՝ լրագրողները խոչընդոտում են դատարանի բնականոն աշխատանքը: Չնայած նրան, որ տուժողի ներկայացուցիչ Ա. Սաքունցը հայտարարեց, որ դա անձնական կյանքի միջամտություն չի կարող համարվել, քանի որ դատական նիստը բաց ու հրապարակային է, դատավոր Լ. Աբգարյանը պնդեց իր դիրքորոշումը: Որից հետո Ա. Սաքունցը ցանկություն հայտնեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու: Քանի որ դատական նիստը նշանակվել էր ժամը 17:00-ին և սկսվել ուշացումով, տուժող կողմին դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով դատավորը նիստը հետաձգեց և նշանակեց 2018 թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:30-ին: [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր