211652_close_icon
views-count7807 դիտում article-date 23:20 22-03-2018

Վրաստանում ՀՀ դեսպանը այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 19-21-ը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որի շրջանակներում դեսպանը եղավ Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում, ինչպես նաև մի շարք հայաբնակ գյուղերում։ [b]Ախալցխա[/b] Սամցխե-Ջավախք կատարած այցը մեկնարկեց մարտի 19-ին Ախալցխայում, որտեղ դեսպան Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի Կոպաձեն, Սամվել Մանուկյանը, Դավիթ Ճիճինաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ախալցխայի սակրեբուլոյի անդամներ և այլք։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սամցխե-Ջավախքի տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադառանլով բնակչության զբաղվածության խնդրին՝ դեսպան Սադոյանն ընդգծեց Սամցխե-Ջավախքում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական ծրագրերի, ենթակառուցվածքների արդիականացման, ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այնուհետև, Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Ախալցխայի հայ համայնքի հետ, որի ընթացքում դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին, քննարկվեցին Ախալցխայի տարածաշրջանի համար առաջնային նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր։ Բարձրացվեցին Հայաստանի սահմանային մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, Հայաստանի հետ տրանսպորտային կապի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական մի շարք այլ հարցեր։ Ախալցխայում ՀՀ դեսպանն այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Նշան եկեղեցիներ, որից հետո եղավ Ախալցխայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, որտեղ հանդիպեց կենտրոնի ուսուցիչների և սաների հետ։ Օրվա ավարտին Ռուբեն Սադոյանն այցելեց Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղ, որտեղ պահվում է Ծուղրութի հռչակավոր Ավետարանը (10-րդ դար)։ [b]Ախալքալաք[/b] Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Ախալքալաքում հանդիպում ունեցավ Ախալքալաքի քաղաքապետի և սակրեբուլոյի անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Ճիճինաձեն։ Հանդիպմանը դեսպանին ներկայացվեցին շրջանում իրականացվող ծրագրերը, քննարկվեցին շրջանի առջև ծառացած մի շարք խնդիրներ։ Դեսպան Սադոյանը նշեց, որ հետևողականորեն քայլեր կիրականացնի, որ այդ հարցերը իրենց լուծումը ստանան և վստահեցրեց, որ մշտապես կանգնած է լինելու ջավախահայության կողքին։ Այնուհետև, դեսպան Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ, որի ընթացքում դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին ապակենտրոնացված համագործակցությանը, մշակույթին, սպորտին, կրթությանը, զբոսաշրջությանը և այլն։ Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում Իլհամ Ալիևի արած վերջին հայտարարությանը՝ դեսպանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետություններին։ Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։ Հայ համայնքի հետ հանդիպումից հետո դեսպան Սադոյանն այցելեց Ջավախքի տեղեկատվական կենտրոն, որտեղ հանդիպեց տեղեկատվական կենտրոնի անձնակազմի հետ, ինչպես նաև մասնակցեց այդտեղ կազմակերպված ռետրո-ցուցահանդեսին։ Այնուհետև, Ռուբեն Սադոյանը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր, որտեղ ներկաներն ունկնդրեցին երգչախմբի կատարումները, որից հետո դեսպանն այցելեց Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին։ Կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Սադոյանը կենտրոնի 10-ամյա հոբելյանի առթիվ հանդես եկավ շնորհավորական ուղերձով՝ կենտրոնի ուսուցիչներին մաղթելով բեղմնավոր գործունեություն, իսկ աշակերտներին՝ ուսումնառության մեջ նորանոր հաջողություններ։ Այնուհետև, տեղի ունեցավ Ռուբեն Սադոյանի այցն Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ, որտեղ նա եղավ նորակառույց դպրոցում, շրջայց կատարեց այնտեղ և ծանոթացավ ենթակառուցվածքների և հնարավորությունների հետ։ Դեսպանի խոսքով դպրոցն իր տեսակի մեջ եզակի է և համապատասխանում է միջազգային լավագույն չափորոշիչներին։ [b]Նինոծմինդա[/b] Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Նինոծմինդայում էր (նախկինում՝ Բոգդանովկա), որտեղ նախ հանդիպում ունեցավ Նինոծմինդայի շրջանային ղեկավարության, ապա հայ համայնքի հետ։ Համայնքի հետ հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր։ Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացերեն լեզվի ուսուցմանը։ Պատասխանելով ներկաներից մեկի՝ հայ-վրացական ներկայիս հարաբերությունների ներկա մակարդակին առնչվող հարցին՝ Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաև Հայաստանի և Վրաստանի բարձր մակարդակով փոխայցելությունները։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում են նման բարվոք պայմաններ և նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում։ Այնուհետև, դեսպան Ռուբեն Սադոյանը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ այցելեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի և նաև «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի գործունեությանը։ Նինոծմինդայում դեսպան Սադոյանը նաև ծաղիկներ տեղադրեց հայ և վրացի ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշող «Հայոս-Քարթլոս» արձանի առջև։ Այցի ավարտին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելեց հայ մեծ գրող Վահան Տերյանի ծննդավայր՝ Գանձա գյուղ, որտեղ նա եղավ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում և Վահան Տերյանի տուն-թանգարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր