211652_close_icon
views-count5000 դիտում article-date 18:44 21-03-2018

Բեյրութում բացվել է «Երևանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը

Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բացվել է «Երևանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցումով մեկնարկած ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 լուսանկարներ, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներ և լիբանանցիներ: Խոսելով «Երևանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մասին` Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշել է, որ այն Երևանը ճանաչելու, նաև հիանալու յուրովի հնարավորություն է: «Սա մի յուրօրինակ ճամփորդություն է ժամանակի մեջ, որը թույլ է տալիս լինել հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում և թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը խորհրդային շրջանում և հիանալ Հայաստանի մայրաքաղաքի տեսքն ամբողջացնող ժամանակակից կառույցներով: Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը շատերիդ կստիպի, որ անձամբ այցելեք մեր սիրելի քաղաք ու վայելեք այն ջերմությունն ու հմայքը, որ ունի 2800-ամյա Երևանը», - նշել է Արմինե Սարգսյանը: Հարկ է նշել, որ «Երևանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները ծրագրել են Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարների շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպել նաև Սփյուռքի հայաշատ այլ քաղաքներում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և ՀՀ մարզերում:

Նմանատիպ նյութեր