211652_close_icon
views-count2735 դիտում article-date 21:28 19-03-2018

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Կինին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպան Կինին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կարևոր ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և ամրապնդման գործում։ Էդվարդ Նալբադնյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր ուժի մեջ է մտել Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին որոշումը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասաց, որ իր համար պատիվ է Կորեան ներկայացնել Հայաստանի պես հարուստ պատմություն ունեցող երկրում։ Ու Յուն Կինը վստահեցրեց, որ Կորեայի նախագահի հանձնարարությամբ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր ոլորտներում հայ-կորեական համագործակցության խորացման համար։ Նախարար Նալբանդյանը և դեսպանը Ու Յուն Կինը մտքեր փոխանակեցին քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ոլորտում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը, որոնք իրենց նպաստն են բերում երկկողմ հարաբերությունների զարգացման գործին։ Նախարար Նալբանդյանը դեսպան Ու Յուն Կինին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Կորեայի Հանրապետության դեսպանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Դեսպան Ու Յուն Կինը ներկայացրեց կորեական թերակղզում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը և վերջին զարգացումները։ Էդվարդ Նալբանդյանը դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Նմանատիպ նյութեր