211652_close_icon
views-count20831 դիտում article-date 22:18 16-03-2018

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում բացվել է անհայտ կորածների հիշատակին կառուցված հուշարձան-պուրակ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կառուցվել է ԱՊ անհայտ կորածների հիշատակին հուշարձան-պուրակ, որի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ մարտի 16-ին: Բացման արարողությանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը եւ այլ ներկայացուցիչներ, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ եւ աշխատողներ, դպրոցի տնօրեններ, անհայտ կորածների հարազատներ եւ ուրիշներ: Միջոցառմանը իր խոսքն ասաց Դրագոսլավ Բլաժեւիչը, որտեղ նա խոսեց անհայտ կորածների պատվին կառուցված հուշարձանի կարեւորությունից եւ , որպես սփոփանք, խոսք ասաց անհայտ կորածների հարազատներին ուղղված՝ նշելով, որ այն մեզ հիշեցնում է, որ զինված հակամարտության պայմաններում մեր սիրելիների անհետացումը ոչ միայն ցավալի հետևանք էր, այլև՝ մարդկային ողբերգություն: Հավելեց, որ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը մնում է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հիմնական խնդիրներից մեկը: Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին, քաղաքային համայնքի ղեկավարին, շինարարներին, քանդակագործներին եւ այլ անձանց՝ հուշարձան-պուրակի կառուցման գործում աջակցելու: Ելույթ ունեցավ նաեւ Վերա Գրիգորյանը, ով որպես անհայտ կորածների հարազատների միության նախագահ, ու նաեւ անհայտ կորած ազատամարտիկի մայր սրտի տրոփյունով խոսեց նրանց մասին: Նրա ելույթում կարոտն էր խոսում եւ սպասումը, այն սպասումը, որն ամեն պահ սրտի թռթիռով է... Նա իր եւ անհայտ կորածների բոլոր հարազատների անունից շնորհակալություն հայտնեց Դրագոսլավ Բլաժեւիչին եւ բոլոր աջակցողներին՝ նման նախաձեռնության համար, որ այն կառուցվել է հենց Մարտակերտում: Մարտակերտի շրջանից անհայտ կորել են 45 ազատամարտիկներ, իսկ Մարաղա գյուղից եւ այլ գյուղերից եւս կան անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչեւ հիմա անհայտ են: Ելույթ ունեցան անհայտ կորած ազատամարտիկի քույր Մարիետա Եդիգարովան, նաեւ 2 անհայտ կորած ազատամարտիկներ ՝ Արտակ եւ Սպարտակ Մնացականյանների քույր Անյուտա Մնացականյանը: Եղբայրները անհայտ կորել են «Արաբո»-ի ջոկատի հետ՝ 1992-ի հունիսի 29-ին: Իրենց ելույթներում նրանք շնորհակալական խոսք ասացին նախաձեռնողներին եւ աջակցողներին: Հուշարձան-պուրակի բացումը կատարեցին Դրագոսլավ Բլաժեւիչը եւ անհայտ կորած ազատամարտիկի քույր Մարիետա Եդիգարովան: Օծման արարողակարգը մատուցեցին Տեր Մաթեւոս քահանան եւ զորամասի գնդերեց Հովհաննես Անդրյանը: Այնուհետեւ մասնակիցները ծաղիկներ դրեցին հուշարձանին՝ որպես խոնարհում: ...Իհարկե, մայրերը միշտ կսպասեն իրենց որդիների վերադարձին, եւ ինչպես նրանք են ասում, նրանք գիշերները չեն կողպում իրենց տան դռները, մտածեում են՝ « որդիս կգա...» [b]Լուսինե Զաքարյան, «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր