211652_close_icon
views-count2550 դիտում article-date 14:56 16-03-2018

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին (նստավայրը՝ Աթենք): Շնորհավորելով դեսպան Հոբդարիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ ակտիվություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նախագահը դեռևս բավարար չի համարել ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի օգտագործումը՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ալբանիան թևակոխել են դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը: Հանրապետության Նախագահը հարաբերությունների զարգացման գործում կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հրավեր է ուղարկել Ալբանիայի Նախագահին՝ մասնակցելու Երևանում ընթացիկ տարվա աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և ընդգծել, որ Հայաստանում ուրախ կլինեն նրան հյուրընկալելու: Նախագահ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Ալբանիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար և նշել, որ համակարծիք է նրա հետ երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու հարցում՝ հատկապես հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը: Դեսպան Հոբդարին վստահեցրել է, որ իր գործունեությունը նպատակաուղղված կլինի ամենատարբեր ոլորտներում՝ մշակութային, տնտեսական, հումանիտար և այլն, համագործակցության զարգացմանն ու մարդկանց միջև շփումների խրախուսմանը: Ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցությունը Ալբանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, դեսպանն իր երկրի անունից ողջունել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը և մաղթել հաջողություններ: Արդիանա Հոբդարին հանդիպման ժամանակ նաև դրվատանքով է խոսել Ալբանիայի փոքրաթիվ, բայց, նրա գնահատմամբ, կազմակերպված հայ համայնքի մասին, որը ևս կարող է դերակատարություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր