211652_close_icon
views-count2720 դիտում article-date 16:02 16-03-2018

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 16-ին ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, որն առաջին անգամ էր այցելում ՀՀ ԱԻՆ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ապահովել արդեն առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը և նախանշեցին համագործակցության ընդլայնման նոր ուղիները: Կողմերը քննարկեցին Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացը խթանելու և զարգացնելու ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը, այն է՝ երկրում առկա թունաքիմիկատների և վտանգավոր քիմիական նյութերի ճիշտ ու անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման գործընթացը (մասնավորապես՝ «Նաիրիտ» գործարանում և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում), մարզերում նոր հրթիռային հակակարկտային կայանների գործարկումը, հումանիտար ականազերծման գործընթացը և այլն: Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց բնակչության դիմակայունության և պատրաստվածության բարձրացումը հատկապես համայնքային մակարդակում. «Յուրաքանչյուր համայնքում պետք է լինի գիտակցությունն առ այն, որ ավելի դյուրին է կանխարգելել աղետի հետևանքները, քան հետո զբաղվել դրանց վերացմամբ: Շատ կարևոր է, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները համայնքի բյուջեի բաղադրիչ դառնան և այս գործընթացում ՄԱԿ-ի աջակցությունն ու միջազգային փորձի կիրառումն անհրաժեշտություն է»,- նշեց նախարարը: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը պատրաստակամություն հայտնեց աջակցել այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված 2 համապետական և միջազգային միջոցառուման. հունիս ամսին կայանալիք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքներին և դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կողմերը քննարկեցին նաև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԵՄ անդամն երկրների հետ երկկողմանի հարաբերությունների և ՄԱԿ-ի հովանու ներքո տարածաշրջանում դիմակայունության մակարդակի բարձրացման և աղետների ռիսկի նվազեցման նպատակով անդրսահմանային համագործակցության ուղիները:

Նմանատիպ նյութեր