211652_close_icon
views-count2810 դիտում article-date 12:05 16-03-2018

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին

Միավորված ազգերի կազմակերպության մեծարգո Գլխավոր քարտուղար, Իտալիայի մեծարգո վարչապետ, Լիբանանի մեծարգո վարչապետ, Տիկնայք և պարոնայք, Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ողջ տարածաշրջանը: Դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում կարող է արձագանք գտնել այս երկրում, միևնույն ժամանակ դա հնարավորություն է, որն ընձեռնում են բազմազանության առավելությունները: Այդ նույն պատճառներից ելնելով իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, և թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ, որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից, և վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ այս առումով ներկա համաժողովը կկարողանա իր ուրույն նպաստը բերել, և դրան կհետևեն նաև համապատասխան գործնական քայլեր: Հայաստանի համար Լիբանանի կարևորությունը պայմանավորված չէ միայն այս երկրի տարածաշրջանային նշանակությամբ: Դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել: Այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է հանդիսանում: Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ: Այսօր նրանք ներկայացված են և՛ կառավարությունում, և՛ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և պատրաստակամ են այսուհետ ևս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին: Հայաստանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին: Այն ևս մեկ անգամ վերահաստատվել է փետրվարին Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Տիկնայք և պարոնայք, 2014թ. նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը՝ իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում: Հայաստանը պատասխանատվության բարձր զգացումով է ներգրավվել այս առաքելությանը՝ ձգտելով իր նպաստը բերել ՅՈՒՆԻՖԻԼ-ի արդյունավետ գործունեությանը` ուղղված բարեկամ Լիբանանում խաղաղության ապահովմանը: ՅՈւՆԻՖԻԼ-ը միակ խաղաղապահ գործողությունը չէ, որին միացել է Հայաստանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականն այս առումով նշել է, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում: Տիկնայք և պարոնայք, Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա: Տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ։ Այդ երկրի ազգային-կրոնական բազմերանգությունը և պատմամշակութային ժառանգությունը առանձնակի արժեք են ներկայացնում։ Համամարդկային արժեքները հատուկ պաշտպանություն կարիք ունեն: Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր