211652_close_icon
views-count4169 դիտում article-date 22:59 14-03-2018

Կաննի Classical Award-ի մրցանակակիր Էնթընի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը

Մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ. Գրեմմիի, Էմմիի, Կաննի Classical Award-ի մրցանակակիր Էնթընի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը: Ծրագրում կհնչեն Մոցարտի թիվ 41 սիմֆոնիան /«Յուպիտեր»/, Բրուկների թիվ 3 սիմֆոնիան: 1971 թվականին մաեստրո Վիթն արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բարձրագույն մրցանակին և Զալցբուրգի Զատկի փառատոնի ժամանակ եղել է Կարայանի ասիստենտը: 2001-2013 թվականներին ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր/, մինչ այդ հանդես է եկել Լեհաստանի առաջատար բոլոր նվագախմբերի հետ /գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն/: Ներկայումս Էնթընի Վիթը Նավարրայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է /Իսպանիա/ և Կրակովի ֆիլհարմոնիկի պատվավոր դիրիժորը /Լեհաստան/: Էնթընի Վիթն ավարտել է Կրակովի բարձրագույն երաժշտական դպրոցի դիրիժորական և կոմպոզիցիայի բաժինները, վերջինը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ: Վիթն ունի նաև իրավաբանական կրթություն՝ 1969 թվականին ավարտել է Կրակովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ս. թ. մարտի 15-ին, ժամը 15:00-ին լրագրողներին հրավիրում են «Օպերա Սյուիթ հոթելի» կոնֆերանսների սրահ՝ մամուլի ասուլիսի /Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 1. Գրողների միության շենքի հարևանությամբ/։ Ասուլիսին կմասնակցեն Էնթընի Վիթը, Արման Պադարյանը /ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր, փոխտնօրեն/, Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր