211652_close_icon
views-count4518 դիտում article-date 22:24 14-03-2018

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայկական երաժշտական ժառանգությունը բերում է 21-րդ դար

«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը շատ կարևորում ենք. այն նեղ մասնագիտական ուղղվածություն ունի, մեծ նպատակ ու առաքելություն»,- մարտի 14-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց փառատոնի կազմակերպիչ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ըստ մաեստրո Սմբատյանի՝ առաջին իսկ օրից փառատոնի նպատակն է մեր հասարակության, ինչու ոչ, աշխարհի համար բացահայտել մեր արժեքները, հայկական երաժշտական ժառանգությունը բերել 21-րդ դար։ «Գրիգոր Եղիազարյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է, և փառատոնի շնորհիվ նոր շունչ ստացավ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ոչ միայն համերգային ծրագրեր է ներառում, այլև մեծ աշխատանք է կատարում մշակութային արժեքների պահպանման գործում՝ ձայնագրություններ, թվայնացումներ և այլն»,- ասաց մաեստրո Սմբատյանը։ Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը. «Մենք ունենք հիանալի կոմպոզիտորներ, որոնք կարծես մի փոքր մոռացված են։ 20-րդ դարը Հայաստանին տվել է անվանի կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Գրիգոր Եղիազարյան, Հարո Ստեփանյան, Առնո Բաբաջանյան, Սարյան, Միրզոյան… Մենք պետք է պահպանենք նրանց ստեղծած արժեքները, և այդ գործն այսօր ստանձնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ իր ղեկավարի հետ, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Գրիգոր Եղիազարյանը չի հնչել տասնյակ տարիներ։ Նա գրել է բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք ժամանակին կատարվել են տարբեր երկրներում և փառք ու պատիվ են բերել մեր երկրին»,- ասաց պարոն Աճեմյանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ մարտի 5-9-ը փառատոնի ընթացքում կայացել է 5 կամերային համերգ, որոնց ընթացքում հնչել են Գրիգոր Եղիազարյանի կամերային ստեղծագործությունները, ինչպես նաև՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Սարգիս Բալբաբյանը, խոսելով Գրիգոր Եղիազարյանի գործերի թվայնացման գործընթացի մասին, նկատեց, որ կոմպոզիտորի արխիվից շատ քիչ բան է մեզ այսօր հասանելի, շատ բաներ ցավոք չեն պահպանվել։ Ժամանակին տպագրվել են միայն որոշ պարտիտուրներ, նվագաբաժինները հիմնականում բացակայում են, ինչն անհնար է դարձնում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումը։ «Պետք է նշեմ, որ մեր նվագախումբը հաճախ է արտասահմանից նամակներ ստանում, որոնց մեջ նշվում է, որ ցանկանում են կատարել այս կամ այն հայ կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները, սակայն ցավոք հաճախ չենք կարողանում նրանց ուղարկել նոտաները, քանի որ դրանք շատ դեպքերում ձեռագիր են։ Մինչդեռ եվրոպական նվագախմբերը հրաժարվում են ձեռագիր նոտաներով նվագել։ Եվ ստացվում է, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման ցանկություն կա, բայց իրականացման հնարավորություն՝ ոչ։ Փառատոնի ընթացքում թվայնացվում են Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը և Ջութակի կոնցերտը, որոնցից միայն պարտիտուրներն էին պահպանված, կային ընդամենը մի քանի նվագաբաժիններ, որոնք էլ թերի էին»։ Անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել է ավելի քան 60 սիմֆոնիկ ստեղծագործություն, որոնց մի մասն արդեն հնչել է արտասահմանյան բեմերում։ Թվայնացված ստեղծագործությունների նոտաները տրամադրվում են ոչ միայն արխիվներին, այլև նվագախմբերին, որոնք ցանկություն են հայտնում կատարել դրանք։ Ասուլիսի բանախոսների հավաստմամբ՝ Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան և «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը շատ շուտով կկատարվի։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց նաև այն փաստը, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ։ Սա նշանակում է, որ պետության ուշադրության կենտրում է մեր երաժշտական ժառանգության պահպանման հարցը։ [b] Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին www.syoa.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր