211652_close_icon
views-count2435 դիտում article-date 15:50 14-03-2018

Երեւանում աշխատանքն է ավարտել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը

Մարտի 14-ին աշխատանքն է շարունակել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի՝ նախօրեին մեկնարկած համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ: «Համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Զեկուցողները ներկայացրել են Միջխորհրդարանական միությունում, ՀԱՊԿ ԽՎ-ում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ՍԾՏՀ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում պատվիրակությունների համատեղ աշխատանքը, կարեւորել համակարգված ու փոխշահավետ համագործակցությունը, անդրադարձել կապերի աշխուժացման անհրաժեշտությանը: Նրանք մտահոգություն են հայտնել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այդ կառույցը հեռացել է իր գործունեության տնտեսական էությունից եւ քաղաքականացվել: Հերմինե Նաղդալյանը, միջպետական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորելով միջխորհրդարանական կապերը, գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են միջազգային խորհրդարանական մի շարք հարթակներում: Բանախոսի գնահատմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունն առավել ճկուն է եւ օրենսդիրներին հնարավորություն է տալիս քննարկելու ու ներկայացնելու հարցերի լայն շրջանակ: Նա միջխորհրդարանական համագործակցության կարեւորությանն անդրադարձել է նաեւ մեր երկրի՝ խորհրդարանական կառավարման անցնելու համատեքստում: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է պատվիրակությունների եւ նրանց ղեկավարների շփումների ակտիվացումը, հանդիպումները նման միջոցառումների շրջանակում, տարբեր ձեւաչափերի քննարկումների անցկացումը, ինչը հնարավորություն կտա առավել ամրապնդելու պատվիրակությունների համագործակցությունը, գնահատելու համատեղ ջանքերը եւ հասկանալու առաջնահերթությունները: Կոնստանտին Կոսաչովը եւս կարեւոր է համարել պատվիրակությունների ղեկավարների պարբերական հանդիպումները, պատվիրակությունների համակարգված գործակցությունը եւ տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշումները միմյանց փոխանցելը: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ստորագրել են համատեղ հայտարարություն: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի հաջորդ համատեղ նիստը կկայանա 2018 թվականի երկրորդ կեսին, Մոսկվայում: Նիստից հետո Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Կոսաչովը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր