211652_close_icon
views-count5481 դիտում article-date 23:10 13-03-2018

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով հաշմանդամ ազատամարտիկին Ասկերանի շրջանի Պատարայում առանձնատուն է տրամադրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում արցախյան ազատագրական պայքարի ժամանակ վիրավորված երկրորդ կարգի հաշմանդամ Արարատ Ավանեսյանի ընտանիքն այսօր բնակարանամուտ է նշել: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ հիմնադրամի միջոցներով Արարատ Ավանեսյանի ընտանիքի համար գնվել է տունը, կառուցվել և վերանորագվել խոհանոցը, սանհանգույցը, աստիճանները, տեղադրվել նոր եվրոպատուհաններ, դռներ և այլն: Ռ. Դուդակլյանի խոսքով՝ այն իրականացվել է «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի ծանր բնակարանային պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու: Այն գործում է 2016 թվականի ապրիլից և այս ընթացքում Արցախի տարբեր շրջաններում ապրող ինը զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտանիքներ ապահովվել են բնակարանային հարմարավետ պայմաններով: Մեր զրուցակիցը նշել է, որ ծրագրում ներառված 9 ընտանիքներն էլ ապրում էին սոցիալական ծանր իրավիճակում՝ չունենալով կենցաղային առաջին անհրաժեշտության պայմաններ: «Արարատը մեկն է այն նվիրյալ ազատամարտիկներից, ում շնորհիվ այսօր մենք ապրում ենք ազատ հայրենիքում: Նման ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է»,-ասել է Ռ. Դուդակլյանը: 1993 թվականի փետրվարի 5-ին վիրավորված Արարատ Ավանեսյանը, ով ապրում է կնոջ և 3 դուստրերի հետ, իր խոսքում ասել է, որ մինչ օրս քայլում է հենակների օգնությամբ և ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանքներ կատարել: «15 տարի շարունակ սեփական տուն չունեիք, ապրում էինք ուրիշի տներում: Ստանում եմ ընդամենը 84 հազար դրամ թոշակ, որը չի հոգում մեր ապրուստի մինիմալ ծախսերը: Շնորհակալություն ենք հայտնում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին մեզ՝ վերանորոգված սեփական տնով ապահովելու համար»,-ավելացրել է Ա. Ավանեսյանը: Արարատի կինը՝ Կարինե Ավանեսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր սրտացավ են եղել իրենց նմանների հանդեպ: Բնակարանամուտի արարողությանը ներկա Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն էլ խոստացել է, որ իրենց կողմից այդ ընտանիքին կտրամադրվի փափուկ կահույք: Առանձնատան բացմանը ներկա էին նաև Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը, «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակիցներ: Նշենք, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի վերոնշյալ ծրագրով մինչև տարվա վերջ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում և Մարտունու շրջանի Կարմիր շուկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս 2 բնակարան: [url=http://artsakhpress.am/arm/news/82402/tufenkyan-himnadrami-mijocnerov-hashmandam-azatamartikin--patarayum-arandznatun-e-tramadrvel.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր