211652_close_icon
views-count3533 դիտում article-date 23:20 13-03-2018

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին: Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ երկարամյա արգասաբեր համագործակցությունը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում իրականացված տարբեր բարեփոխումների գործընթացներում: Հատկապես կարևորվել է նախորդ տարի հարկաբյուջետային կանոնների վերանայման և հարկային քաղաքականության բարեփոխումներին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Նախարարը նաև կարևորել է Երկարաձգվող ֆինանսավորման գործիք ԱՄՀ նախորդ եռամյա ծրագրի (2014-2017թթ.) արդյունավետ իրականացումը, մասնավորապես, մրցակցության, դրամավարկային քաղաքականության հարկային և մի շարք այլ ոլորտներում կատարված բարեփոխումների առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ԱՄՀ նոր ծրագրի շուրջ մեկնարկած քննարկումները: Նախարար Արամյանը պատրաստակամություն է հայտնել շարունակական ջանքեր գործադրել հիմնադրամի հետ հետագա համագործակցության էլ ավելի խորացման ուղղությամբ՝ վստահ լինելով, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության արդյունավետության բարձրացման և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր