211652_close_icon
views-count2028 դիտում article-date 16:41 13-03-2018

ՀՔԱՎ: Արդարադատության նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին

ՀՀ Արդարադատության նախարարությունը ազատազրկված անձանց վերաբերյալ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրություններին արձագանքում է միայն այն մասով, որով հարմար է գտնում: 2017 թ. նոյեմբերի 8-ին «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ի դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն և հայտնել, որ կալանավորը բողոքում է խցային պայմաններից, որոնք բացասաբար են անդրադառնում իր առողջության վրա, և ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակից: Գրությանը ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է երեք ամիս անց՝ 2018 թ. փետրվարի 1-ին: Ընդ որում՝ չնայած գրությամբ բարձրացված հարցերի բովանդակությանը՝ դրան պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը և նշել, թե ինչ հետազոտություններ ու բուժում է անցել կալանավորը: Անգամ այդ դեպքում պատասխանում որևէ անդրադարձ չկա կալանավորի առողջության վրա խցային պայմանների ունեցած ազդեցությանը: Դե իսկ սննդի որակի վերաբերյալ հարցերին բժշկական սպասարկման բաժնի պետը չէր էլ կարող պատասխանել: Նախարարությունն այս քայլով փորձել էր խուսափել բարձրացված հարցերից: Նույն վարքագիծն էր դրսևորել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ի հարցով: Նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Նախարարություն էր դիմել դեռևս 2017 թ. դեկտեմբերի 25-ին և պահանջել էր կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահվող դատապարտյալին տեղափոխել ընդհանուր մասնաշենք և ապահովել նրան անհրաժեշտ դեղորայքով: Գրությանը 2018 թ. հունվարի 15-ին պատասխանել էր ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը և կրկին անդրադարձել միայն դատապարտյալի առողջական վիճակին, նշել, որ նա բուժման կարիք չունի: Հաշվի առնելով, որ Արդարադատության նախարարությունը երկու դեպքում էլ խուսափողական պատասխաններ է տվել և փաստացի չի պատասխանել գրություններով բարձրացված բոլոր հարցերին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 12-ին դիմել է ՀՀ արդադատության նախարար Դ. Հարությունյանին՝ գրություններով բարձրացված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային մասնաշենքից ընդհանուր մասնաշենք տեղափոխելու և ներկայացված գրություններով անարդյունավետ քննություն իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով: 2018 թ. փետրվարի 23-ին թվագրված պատասխանով ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանը հայտնել է, որ դատապատյալը կարանտինային խցում պահվում է՝ «անվտանգության ապահովման նկատառումներից» ելնելով: Իսկ նախորդ երկու գրություններով բարձրացված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու և գրություններով անարդյունավետ քննություն իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանտվության ենթարկելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջը կրկին անտեսվել է: Դրանք Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի պատասխանում ընդհանրապես չեն հիշատակվում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/13-03-2018-03/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նմանատիպ նյութեր