211652_close_icon
views-count3697 դիտում article-date 21:39 12-03-2018

Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

Լիբանանի նախագահի նստավայրում այսօր՝ մարտի 12-ին, տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը: Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը, մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, և այն պետք է հնարավորինս իրացնել», - ասել է ՀՀ վարչապետը: Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը: Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առևտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին: ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի և Լիբանանի տնտեսությունները` ընդգծելով նաև, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի և այն առաջիկա տարիներին պահպանվելու է: Հայաստանի վարչապետն ասել է նաև, որ այսօր ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են հայ-լիբանանական հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի թե Լիբանանում, թե Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին: Երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր