211652_close_icon
views-count2753 դիտում article-date 12:27 08-03-2018

Արմեն Ամիրյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրը

Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին է շնորհավորել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ մեր սիրելիները՝ մայրերը, կանայք, դուստրերը, յուրաքանչյուր օր արժանի են ջերմ խոսքերի և ժպիտի: «Մեր կանանց պետք է գուրգուրել, դրական տրամադրության հաղորդել, հաճելին մատուցել: Սիրով շնորհավորում եմ նրանց՝ բոլորին՝ ցանկանալով երջանկություն, սեր և լիարժեքության զգացում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մաղթեց նախարարը: Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդության համաձայն, տղամարդկանց կողմից հատուկ ուշադրության են արժանանում, ստանում ծաղիկներ և նվերներ: Մարտի 8-ը տոնվել է ոչ թե «հիանալի տիկնանց», այլև հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը կազմակերպված տոնվել է 1911 թվականին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում: Այն ամենուր սկսել է տոնվել մարտի 8-ին, երբ 1914-ին Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի կանայք իրենց օրը նշել են հենց մարտի 8-ին: Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է, մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության և անսահման սիրելու ունակության համար: Բոլոր ժամանակներում ազգերից շատերի մոտ կինը համարվել է «հրաշք և ընծա», «կյանքի և երջանկության խորհրդանիշ», և գրեթե բոլոր ազգային օրացույցներում կա կանանց նվիրված օր: Իսպանիայում կանանց տոնը համարվում է կանանց հովանավոր Սբ Ագեդայի հիշատակության օրը: Այն տոնվում է փետրվարի 5-ին և համարվում յուրօրինակ «մայրական օր»: Աշխարհի «կանացի սկզբի» տոնակատարության հետաքրքիր ձևեր գոյություն ունեն ինդուիստական երկրներում: Այստեղ առաջին տեղում ոչ թե կոնկրետ կնոջ, այլ նախամոր աստվածացված կերպարն է: Հարավային և Հյուսիսային Հնդկաստանի ժողովուրդները երկրպագում են երջանկության, գեղեցկության, ընտանեկան ջերմության աստվածներ Լակշմային և Պարվատիին: Բենգալիայում գարնան սկզբին (հունվարի վերջին-փետրվարի սկզբին) տոնակատարություններ են կազմակերպվում գիտության և արվեստի աստվածուհի Սարասվատիի պատվին: Ճապոնիայում և Չինաստանում «կանացի սկիզբն» ընդունված է նույնացնել գիշերվա և լուսնի էներգիայի` Ինի հետ: Բայց դա չի նշանակում, որ արևելյան տղամարդկանց կարծիքով, կանայք արժանի չեն տոների. ճապոնուհիներն, օրինակ, ունեն միանգամից երկու տոն: Հայաստանում ևս կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Սբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է:

Նմանատիպ նյութեր