211652_close_icon
views-count4049 դիտում article-date 22:36 07-03-2018

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին

Մարտի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին: Նախարարը կարևորեց երիտասարդ հայրենադարձի ազգանվեր գործունեությունը հայրենիքում, և նշեց. «Ձեր արած գործը ազգի, պետության համար անգնահատելի է: Վստահ եմ, որ Ձեզ նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը, Հայրենիք վերդառնալու, այստեղ ապրելու և աշխատելու Ձեր հաջողված փորձը հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար»: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության իրականացրած աշխատանքների, խնդիրների ու նպատակների հետ կապված հարցեր: Անդրադարձան սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենադարձության հնարավոր տարբերակներին, հեռանկարներին: Լարիսա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման և դրվատանքի խոսքերի համար ու հավելեց. «Հայրիկիս աշխատանքի բերումով երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանում, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Բայց ամենաջերմ հիշողություններս ու զգացողություններս Հայաստանի հետ են կապված: Միշտ գիտեի, որ մի օր պիտի վերադառնամ: Շատ երիտասարդներ են ուզում ներդրում ունենալ Հայաստանի ապագան կերտելու գործում: Պետք է հարթակ ստեղծել նրանց համար: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը այդպիսի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին իրագործելու՝ Հայրենիքին օգտակար լինելու, նրա վաղվա օրը կերտելու իրենց ծրագրերը»:

Նմանատիպ նյութեր