211652_close_icon
views-count1984 դիտում article-date 19:12 07-03-2018

Տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ ՏՏ ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, այն խորացնելու հնարավորություններին։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ՏՏ ոլորտը բավական բարձր դիրք է գրավում, 2017թ. այն 29% աճ է գրանցել։ Հայ մասնագետների բարձր որակների շնորհիվ այս ցուցանիշն առաջիկայում էլ ավելի բարձրանալու միտում ունի։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ հետաքրքրված է մեր երկրի ՏՏ ընկերությունների գործունեությամբ և Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն այցելել է դրանցից մի քանիսը, ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Դեսպանը հավելեց, որ մեծ ցանկություն ունի լինելու նաև Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերում, հանդիպելու ոլորտի ճանաչված ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև Հնդկաստանում վերջերս տեղի ունեցած «WCIT 2018» ՏՏ համաշխարհային համաժողովի, այն 2019-ին Հայաստանում անցկացնելու, երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորությունների, մի շարք այլ հարցերի շուրջ։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր