211652_close_icon
views-count8241 դիտում article-date 16:35 07-03-2018

Մինչև 2030 թվականը աշխարհում 10 մլն երեխա կմահանա կանխարգելվող պատճառներից մինչ 5 տարեկան լրանալը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումը

Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու առաջընթացի նախնական գնահատականը ահազանգում է 64 երկրում տվյալների պակասի, իսկ 37 երկրում նպատակներին հասնելու համար անբավարար առաջընթացի մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Առաջընթաց երեխաների համար ԿԶՆ դարաշրջանում» զեկույցն առաջին թեմատիկ ուսումնասիրությունն է, որ գնահատում է երեխաներին և երիտասարդներին վերաբերող ԿԶՆ թիրախներին հասնելու կատարողականը: Զեկույցը մատնանշում է, որ աշխարհում 520մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ երեխաներին վերաբերող ԿԶՆ ցուցիչների ավելի քան 2/3-ը բացակայում է կամ չկան բավարար տվյալներ նրանց առաջընթացը գնահատելու համար: Այս երևույթը ինչ-որ չափով երեխաներին դնում է «չհաշվառված» անձի կարգավիճակում: Նույնիսկ բավարար տվյալներ ունեցող երկրներում ԿԶՆ թիրախներին հասնելը խնդրահարույց է: Ըստ զեկույցի՝ աշխարհում ավելի քան 650մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ ԿԶՆ-ի ավելի քան 2/3-ին հնարավոր չի լինի հասնել՝ առանց շտապ գործողությունների: Եթե քայլեր չձեռնարկվեն, ապա մինչ 2030թ. ավելի մեծ թվով երեխաներ կհայտնվեն վատ իրավիճակում, քան հիմա: «Աշխարհի երեխաների ավելի քան կեսն այսօր ապրում է երկրներում, որտեղ մենք կամ չենք կարողանում գնահատել ԿԶՆ առաջընթացը կամ եթե կարողանում ենք, նպատակներին հասնելն անհավանական է թվում», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy): «Աշխարհը պետք է ցուցաբերի ԿԶՆ-ին հասնելու լուրջ պատրաստակամություն՝ կատարելագործելով դրանց չափման միջոցները»: Զեկույցը գնահատում է երեխայի իրավուքների գծով առաջընթացը 5 ուղղությամբ, այն է՝ առողջությունը, կրթությունը, բռնությունից և շահագործումից պաշտպանությունը, անվտանգ միջավայրն ու հավասար հնարավորությունները: Այն նաև ներկայացնում է նպատակների ձախողման մարդկային գինը: Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչ 2030 թվականը՝ 10մլն երեխա կմահանա կանխարգելվող պատճառներից մինչ իր հինգ տարեկան լրանալը; 31մլն երեխայի մոտ թերսնուցում կառաջանա պատշաճ սնուցման պակասի պատճառով; 22մլն երեխա չի ստանա նախադպրոցական կրթություն; 150մլն աղջիկ կամուսնանա մինչ իր 18-րդ տարեդարձը; 670մլն մարդ, մեծամասնությունը երեխաներ, չի ունենա խմելու մաքուր ջուր: «Երկու տարի առաջ աշխարհը միավորվեց հավակնոտ օրակարգի շուրջ, ըստ որի` յուրաքանչյուր երեխա պետք է լավագույն կյանքի հնարավորություն ունենա և տվյալների ամենաարդիական տիպի վերլուծությունների շնորհիվ հնարավոր կլինի հետևել դրան», - ասաց Չանդին: «Ցավոք մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաներին առնչվող ԿԶՆ առաջընթացին անհնար է հետևել տվյալների սղության պատճառով: Երկրների մեծ մասը չունի համախատասխան տվյլաներ, որպեսզի հասկանանք՝ արդյոք նրանք ճիշտ ուղու վրա են, թե ոչ: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երեխաների հույսը մենք ենք, իսկ մենք նույնիսկ ի վիճակի չենք հաշվառել նրանց»: Զեկույցը կոչ է անում լուծել տվյալների սղության խնդիրը՝ հաշվի առնելով, որ ազգային վիճակագրության ուժեղ հաստատություն և կարողություն ունենալու համար կպահանջվեն ժամանակ և ներդրումներ: Այն տարանջատում է այս ուղղությամբ աշխատելու երեք սկզբունք՝ Ծառայությունների (առողջապահական, կրթական, սոցիալական կամ սահմանի հսկողության) մատուցման բնագավառում չափման ուժեղ մեթոդների ներդնում, Պարբերական և համակարգված գործողությունների պլան, որպեսզի անկախ ռեսուրսներից և կարողություններից, յուրաքանչյուր երկիր երեխաներին առնչվող նվազագույն տվյալներ հավաքագրի, Երեխաների խնդիրները չափելու ընդհանուր մոտեցում, որի շնորհիվ կարելի է բացահայտել չհաշվառված և անհայտ երեխաներին՝ պաշտպանելով նրանց անձնական տվյալների գաղտնիությունը: Քանի դեռ յուրաքանչյուր կառավարություն պատասխանատու է ԿԶՆ գծով տվյալների հավաքագրման համար, միջազգային հանրությունն, իր հերթին, պարտավոր է աջակցել, որպեսզի այդ նպատակներն իրականություն դառնան: ### Երեխաների խնդիրներին վերաբերող ինը նպատակների 44 ցուցիչներից 39-ը գնահատվել են տվյալների առկայության և առաջընթացի համար: Ցուցիչների՝ միջինում 75-80 տոկոսն ունեն հավելյալ տվյալների կարիք կամ ոչ պատշաճ առաջընթաց են արձանագրում:

Նմանատիպ նյութեր