211652_close_icon
views-count4974 դիտում article-date 16:22 07-03-2018

ԵՊՀ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է հանդուրժողականությանը նվիրված գիտաժողովին

Համալսարանական արաբագետները շարունակում են այցելություններն Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարաններ: Մասնավորապես՝ ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում իրականացվող հանդուրժողականությանը նվիրված գիտաժողովին, որի կազմակերպիչներն էին ԱՄԷ-ի ներքին գործերի ու հանդուրժողականության նախարարությունները։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հանդուրժողականության նախարար շեյխ Նահայան բեն Մուբարաք ալ Նահայանը, ով իր ելույթում անդրադարձավ հանդուրժողականություն վերաբերյալ ԱՄԷ որդեգրած քաղաքականությանը՝ խոսելով Էմիրություններում ապրող ավելի քան 200 ազգությունների հանդեպ ունեցած հաջողված փորձին։ Գիտաժողովին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։ Կազմակերպիչների կողմից ջերմ ընդունելության են արժանացել պետհամալսարանի ուսանողները՝ նրանց հնարավորություն ընձեռելով մասնակցելու հանդուրժողականության վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը։ Այնուհետև համալսարանականները հյուրընկալվել են ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայիդի անունը կրող պետական համալսարանում, որն աչքի է ընկնում իսլամական ավանդույթին բնորոշ՝ տղաների և աղջիկների համար առանձնացված ճարտարապետական շքեղ կառույցներով: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել Զայիդ համալսարանի արաբագիտության բաժնի ղեկավար, դոկտոր Սալահ Դարաուշեհի և բաժնի դասախոսների հետ։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և դոկտոր Սալահ Դարաուշեհը քննարկել են ամբիոնների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։ Այցի շրջանակում ուսանողները մասնակցել են նաև արաբերենի դասընթացին և շփվել հասակակիցների հետ։ Զայիդ համալսարանի արաբագիտության բաժնի դասախոսները բարձր են գնահատել ապագա արաբագետների լեզվական և արաբագիտական պատրաստվածությունը: Պատվիրակության անդամներին ընդունել է ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գևորգ Ղարիբջանյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց տպավորությունները և շնորհակալություն հայտնել երկու երկրների դեսպաններին էլ ծրագրի կազմակերպման համար: Գ. Ղարիբջանյանն ուսանողներին ծանոթացրել է դեսպանատան գործունեությանը՝ ընդգծելով Հայաստան-ԱՄԷ հետագա կրթական և գիտական փոխգործակցության ընթացքում այս ծրագրի կարևորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր