211652_close_icon
views-count3701 դիտում article-date 19:42 06-03-2018

Մարտի 7-ին մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է սպառողի շաբաթ: Մարտի 7-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ մի կողմից նպաստելով հանրության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մյուս կողմից՝ բարելավելով տնտեսավարողների գործունեությունն այս ոլորտում: Մարտի 7-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում կանցկացվեն բաց դասեր՝ նվիրված սննդամթերքի անվտանգության ոլորտին: Նույն օրը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում անցկացվող քննարկման ընթացքում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կներկայացվեն գործող նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները՝ համապատասխանության գնահատման, ներմուծման և արտահանման, սննդամթերքի մակնշման և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում HACCP համակարգի ներդրման վերաբերյալ: Մարտի 12-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա դասընթաց-սեմինար՝ նախատեսված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, այդ թվում՝ մարզային կառույցների տեսուչների համար: Այդ օրը հանրապետության մարզերի նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում ևս կանցկացվեն սննդամթերքի անվտանգությանը նվիրված իրազեկման ակցիա-բաց դասեր և քննարկումներ ոլորտի պատասխանատուների հետ: Մարտի 13-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ համատեղ մայրաքաղաքում կանցկացվի իրազեկման ակցիա, որի ընթացքում սպառողներին կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ և ուղեցույցներ՝ սննդամթերքի անվտանգությունն ապահովելու մի քանի պարզ կանոնների մասին: Համալսարանի դահլիճում նույն օրը կանցկացվի «Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետեր» (HACCP) համակարգի ներդրմանն ու դրա առավելություններին նվիրված թրեյնինգ տնտեսավարողների համար: Մարտի 14-ին, տնտեսավարողների հետ կքննարկվեն սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգի ներդրման նպատակներն ու հնարավորությունները: Մարտի 15-ին պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերների մասնակցությամբ կանցկացվի սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողով՝ «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» խորագրով: Միջոցառման ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխություն: Մեր գործընկեր կազմակերպություններն են՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Ռազմավարական զարգացման գործակալությունը, ի դեմս «ՀՀ հարավում անասնապահության զարգացման ծրագրի», (SDA), ՀՀ-ում գյուղատնտեսական ձեռնարկությունների զարգացման ծրագիրը (Oxygen), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: [b] ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր