211652_close_icon
views-count3187 դիտում article-date 10:39 06-03-2018

Անգրագետ ձևանալը քարոզչության լավագույն ձևը չի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Փողոցում և Ֆեյսբուքում ես մի քանի տասնյակ անգամ տարբեր հնչերանգներով լսում եմ նույն հարցը՝ «հիմա ի՞նչ է, մենք երկու նախագա՞հ ունենք»: Այդ հարցը տալիս են պարզ մարդիկ, որոնք համացանցով հետևում են իրադարձություններին և, բնականաբար, հակված են հավատալու մեր իրականությանը տրվող միայն բացասական գնահատականներին: Նրանք գուցե իսկապես կարծում են, որ այս պահին Հայաստանում կա երկու նախագահ: Հարցը տալիս են նաև նրանք, ովքեր շատ լավ գիտեն պատասխանը, բայց վերը նկարագրված պարզ մարդկանց համակրանքը շահելու նպատակով կարիք ունեն այդ հարցը տալու՝ ևս մի քանի «քաղցր խոսք» իշխանության և ընդհանրապես «էս երկրի» մասին ասելու համար: Մարդկանց այս՝ երկրորդ խումբը գիտի, որ նոր նախագահի ընտրություններից հետո մինչև նրա երդմնակալությունը, այսինքն՝ պաշտոնի ստանձնումը, սովորաբար անցնում է որոշ ժամանակ, և այդ ժամանակահատվածում նախագահի պարտականությունները շարունակում է կատարել նախորդ նախագահը: Այդպես էր, մասնավորապես, Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում. օրինակ՝ Քոչարյան-Սարգսյան, Մեդվեդև-Պուտին, Օլանդ-Մակրոն, Օբամա-Թրամփ «հերթափոխի» ժամանակ: Այս պարագայում նշված զույգերից առաջիններին ընդունված է անվանել «գործող նախագահ» մինչև երկրորդների երդմնակալությունը, իսկ երկրորդներին անվանում են «ընտրված նախագահ» կամ «նախագահ ընտրված այսինչը»: Կոնկրետ այս պարագայում նախագահը Սերժ Սարգսյանն է, և այդ պարտականությունները նա կկատարի մինչև ապրիլի 9-ը, իսկ ապրիլի 9-ին՝ երդմնակալությունից հետո, այդ նույն պարտականությունները կկատարի Արմեն Սարգսյանը: Այսպիսով, միաժամանակ երկու նախագահ չկա: Այս պարզ, կասեի՝ պրիմիտիվ ճշմարտությունը, կրկնեմ, հայտնի է «երկու նախագահների» թեմայով մտավարժանքներով զբաղվողների ուղիղ կեսին: Բայց «երկու նախագահների» առկայության մասին խոսակցությունը պետք է այլ թեմաների անցնելու համար՝ ով ինչպես է ընտրվել, ընտրվել է, թե չի ընտրվել, լեգիտիմ է, թե լեգիտիմ չի, ինչու է նախկին նախագահը պատրաստվում դառնալ վարչապետ, արդյոք այս կամ այն նախագահը կամ վարչապետը լավն է, թե վատն է, «մտածում է» ժողովրդի մասին, թե «չի մտածում» և այլն: Այս հարցերն, իհարկե, իրավաչափ են, և այստեղ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք գալիս են առնվազն 1995 թվականից, իսկ իրականում, կարծում եմ, «տասնամյակների խորքից»: Բայց ինձ թվում է նաև, որ այս սուր հարցերը քննարկելու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ միտումնավոր ընկնել իրավական անգրագիտության գիրկը: Հակառակը՝ ընդդիմադիր քարոզչությունը պետք է ընթանա ոչ թե նիհիլիզմի, այլ օրինապաշտության դիրքերից: Հատուկ անգրագետ ձևանալը քարոզչության լավագույն ձևը չի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր